Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:
Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:
Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:
Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին: