Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հրապարակած հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի վերջից ի վեր Լեռնային Ղարաբաղում բռնությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձիք տեղահանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են: Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած տարածքների յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի, – ասել է նա: – Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին: Բռնության և հետագա տեղահանման շարունակական ցիկլերն էլ ավելի կսրեն առանց այն էլ անորոշ առողջական վիճակը»:
Բյուրոյի տնօրենն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչության բժշկական օգնության տրամադրման գործում խափանման, և լրացուցիչ բեռ են դառնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:
«ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու մարդկանց կյանքը և ապրուստի միջոցները հանրային առողջությանը սպառնացող սպառնալիքներից, որոնք աննախադեպ են այս սերնդի կյանքում: ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակիչներին և բժշկական հաստատությունները, որոնք խնամք են տրամադրում հիվանդներին և վիրավորներին՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենսդրության: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է զերծ պահել բռնությունից առողջապահական աշխատողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարել համաճարակի դեմ, շարունակել է ԱՀԿ պաշտոնյան:
«Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր նշանակություն ունի առողջապահության մատչելիությունը պահպանելու համար, ինչը մարդու հիմնարար իրավունքն է»: