«Նույնիսկ Արկադյան, որի մի մասը չկա, հիվանդանոցից փախել է, նորից ուզում է առաջնագիծ գնալ». Աստվածատուր Պետրոսյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Նույնիսկ Արկադյան, որի մի մասը չկա, հիվանդանոցից փախել է, նորից ուզում է առաջնագիծ գնալ». Աստվածատուր Պետրոսյան. aravot.am

«Ոչ մի հումանիտար հրադադար, ոչ մի եվրոպական, ամերիկյան, կամ համաշխարհային տիեզերական սպառնալիքներ եւ ընդունած բանաձեւեր չեն գործում: Գործում են միայն Էրդողան-ահաբեկիչ եւ Էրդողան-բանդա՝ Հորդանանից մինչեւ Պակիստան, ինչպես նաեւ, որքան էլ զազրելի է, իսրայելական մասնակցությամբ դաշնակիցներ, որոնց մասին կյանքում չէինք մտածի… Այն ժողովրդին, որ ժամանակին՝ թե՛ Հայրենական պատերազմի եւ թե՛ կոտորածների ժամանակ փրկել եւ պահել են մեր հայրերը, ինչպես Դրոն մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա եւ փրկեց գերմանացիների ձեռքից, այսօր կարող են ձեռք բարձրացնել եւ ասել, թե իրենց հողն է, իրենք պիտի վերցնեն՝ չիմանալով, թե իրենց հողը որն է»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով արդեն մոտ մեկ ամիս ձգվող պատերազմի մասին, ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի ղեկավար, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Բանախոսի համոզմամբ, սակայն, թե ուկրաինացի ժողովուրդը, թե հրեա ժողովուրդը ոչ մի կապ չունեն իրենց «ղեկավարների ճամարտակությունների, բիզնեսների եւ ծնկաչոք ման գալու կարողությունների հետ»: Ասում է՝ այսօր, շատ դեպքերում, ասում են՝ եթե հրեական կապիտալը հանենք պատերազմներից, ոչ մի պատերազմ չի լինի: Բայց, իր համոզմամբ, ժողովուրդը, պարտադրված է մասնակցում գործողություններին, որոնք սկսվում են նաեւ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում աշխատելուց:

«Թե Ղարաբաղում, թե Հայաստանում, չկա առաջնագիծ ու հետնագիծ հասկացողություն»,- ասում է 1992-ից ցայսօր հող հայրենիի պաշտպանությանը կանգնած «Արծիվ մահապարտների միության» ղեկավարը: Այս պատերազմում, միությունն ունի հինգ զոհ, երեք անհայտ կորած, 30-ից ավելի վիրավորներ: Բայց նաեւ շատ կենդանի ուժ են դուրս բերել բոլոր այն ուղղություններից, որտեղ մասնակցել են ռազմական գործողություններին:

Հայրենի ռազմական սահմաններից նոր վերադարձած Աստվածատուր Պետրոսյանն ասում է՝ առաջնագծից թիկունքին սեր եւ ջերմություն են բերել ու ամուր մնալու պատգամ. «Նույնիսկ Արկադյան, որի մի մասը չկա, 20 տոկոս է տեսողությունը, հիվանդանոցից փախել է, նորից ուզում է առաջնագիծ գնալ: Իր տղան է առաջնագծում կռվում: Մեր տղաներից շատերի որդիները, թոռները՝ 18-19 տարեկան տղաները առաջին գծում են»:

aravot.am