Մի տխրեք, սպասեք ինձ, ես հետ եմ գալու… հիշում է Արցախում զոհված Սարգիսի մտերիմ ընկերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մի տխրեք, սպասեք ինձ, ես հետ եմ գալու… հիշում է Արցախում զոհված Սարգիսի մտերիմ ընկերը

Սարգիսը մեր լույսն է, մեր պահապան հրեշտակը։ Ես չեմ ուզում իր մասին անցյալով խոսել, որովհետև ինքը մեր հետ է, կա, NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լիլիթ Սարգսյանը՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Սարգիս Հակոպյանի մտերիմ ընկերը։

Սարգիսի զրնգուն ձայնը մինչև հիմա Լիլիթի ականջներում է։ Ասում է՝ Սարգիսը տաղանդավոր երգիչ ու նկարիչ էր։

«Ինքն ասում էր՝ ես լեգենդ եմ լինելու, ես էլ պատասխանում էի՝ դու հաստատ կլինես,  էդպիսի բան չկա, որ դու ուզես և չհասնես դրան։ Ինքը շատ լավ երգում, նկարում էր, հնարավոր չէր ինչ-որ բան ցույց տայիր, ու ինքը չկարողանար նույն պատկերը ստանալ, անգամ եթե առաջին փորձից չստացվեր, էնքան կաներ, որ կստացվեր ու էնքան լավ, որ օրիգինալից չէր տարբերվում։ Իր հետ մի րոպե առանց ծիծաղելու անհնար էր, ինքը նույնիսկ լռության մեջ ծիծաղելու առիթ էր գտնում»,- պատմում է Լիլիթը։

Հոկտեմբերի 20-ին Արցախի ՊԲ-ի հրապարակած զոհված զինծառայողների շարքում էր նաև Սարգիս Հակոպյանի անունը։ Նա Արարատի մարզի Գեղանիստ համայնքից էր, ծնված 2001թ․-ի ապրիլի 27-ին։  Սարգիսն ուզում էր լավ նկարիչ դառնալ, որպեսզի համաշխարհային ճանաչում ունենար։

«Ուզում էր լեգենդ դառնար, իր ծննդյան օրվան ընդառաջ շապիկի վրա գրել էր՝ լեգենդները ծնվում են ապրիլին։ Ինքը ապրիլյան պատերազմի մասնակից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր ծնվել, ասում էր՝ իմ ծննդի օրը հերոս է ծնվել»,-  հիշում է Լիլիթը։

Սարգիսը դպրոցն ավարտելուց հետո՝ 2019թ․-ի հուլիսին  բանակ է զորակոչվել, նպատակ ունենալով՝ վերադառնալ ու ուսումը շարունակել։

«Իր մոր երազանքն էր, որ որդին բարձրագույն կրթություն ստանար, ցավոք,  նա դեռևս մեկ տարի առաջ է մահացել։ Պետք է Գեղարվեստի ակադեմիա ընդունվեր, ասում էր՝ բանակից գալու եմ ու ընդունվեմ, մամայիս երազանքը պիտի կատարեմ»,- պատմում  է Լիլիթը։

Սարգիս Հակոպյանը Սիսիանում էր ծառայում։ Ըստ Լիլիթի՝ պատերազմի օրերին նրանք դիրքեր էին բարձրացրել, իսկ դեպքը տեղի էր ունեցել վերադառնալիս։

«Սնարյադն ընկել է ավտոբուսի վրա, որում Սարգիսն էր, ավտոբուսն այրվել է։ Հստակ չգիտեմ, թե քանի մարդ է եղել։ Ես մինչև էսօր էլ հույս ունեմ, որ Սարգիսը փրկված է, ինքը գալու է։ Մենք ամեն վայրկյան աղոթում ենք իր վերադարձի համար։ Ճիշտ է, ասում են, որ մեքենան այրվել է, բայց մենք հավատում ենք, որ ինքը կգա։ Փրկվածներից մեկի հետ ենք զրուցել, ով պատմում է, որ ինքը փախել է, բայց ինչպես՝ չգիտի, չի հիշում, աչքերը երբ բացել է՝ հիվանդանոցում է եղել։ Ասում է՝ չեմ էլ գիտակցել, թե ոնց եմ մեքենայից փախել։ Մենք հստակ բան չգիտենք, բայց ասում են, որ հաստատ Սարգիսը այրվել է, որովհետև ինքը հրամանատարի հետ ավտոբուսի  սկզբնամասում է եղել, իսկ սնարյադը հենց էդ մասում է ընկել»,- ասաց Լիլիթը։

Սարգիսի զոհվելու լուրը մտերիմները լսել են հոկտեմբերի 17-ի առավոտյան, ենթադրում են, որ դեպքը նախօրեին է եղել։ Մի քանի օր լուր չունեին նրանից, հենց նույն օրը Լիլիթը երազում նրան էր տեսել, բարձր տրամադրությամբ միասին դասի էին գնում։ Ոգևորված երազը մորն է պատմել ու լսել՝ իր մտերիմ ընկերը զոհվել է։

«Մի երկու օր առաջ էլ երազ տեսա․ Սարգիսը եկավ ինձ մոտ ասաց՝ Լիլ, դեռ ինձ սպասո՞ւմ եք, պատասխանեցի՝ հա, ասաց՝ մի սպասեք ու էլ ոչինչ չեմ հիշում, քնիցս արթնացա»,- պատմեց Լիլիթը ու հիշեց իր ու Սարգիսի նամակագրությունից մի հատված, որը մինչև Սարգիսի բանակն գնալն էին ունեցել։

«Գրել էի՝ չեմ հավատում ու պատկերացնում,  որ դու էլ ես գնում բանակ, պատասխանել էր՝ է՜խ, բայց մի տխրեք, սպասեք ինձ, ես հետ եմ գալու։ Առանց ինձ կյանքը մի տեսակ էն չի լինի մնացածիդ մոտ»,- մեջբերեց  Լիլիթը։

Սարգիս Հակոպյանի հարազատները հուղարկավորության արարողություն դեռ  չեն արել, որովհետև նրա դին չկա։

«Ասել են՝ մինչև Սարգիսից մի բան չգտնենք, չենք անելու թաղում»,- ասաց Լիլիթը։

Սարգիսի ֆեյբուքյան էջի վերջին գրառումը մորն է նվիրված, ով որդուն զինվորական հագուստով չէր տեսել։ Սարգիսն իր  հեղինակած նկարն էր հրապարակել, որում պատկերված են ինքն ու մայրը, ինքը՝ զինվորական հագուստով, մոր ձեռքը բռնած։

Լուսանկարին կից գրել էր․

«Քեզ հիշում եմ ես… հիշում եմ անընդհատ ինձ գրկող, շոյող ձեռքերդ մեղրահոտ Հասկացող, ներող աչքերդ հարազատ ու ինձ կյանք տվող ժպիտդ արևոտ»։

news.am