Հոգին ավանդեց ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Վալերի Առաքելյանը
Advertisement 1000 x 90

Հոգին ավանդեց ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Վալերի Առաքելյանը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վալերի Միքայելի Առաքելյանը: Վալերի Առաքելյանը մեծ ավանդ ուներ ռադիոֆիզիկայի, կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Վաստակավոր գիտնական Վ.Մ. Առաքելյանի հիմնական գիտական ձեռքբերումները եղել են արեգակնային էներգիայի փոխակերպիչների, թունավոր, պայթյունավտանգ և հրավտանգ գազերի ու գոլորշիների գերզգայուն տվիչների և բարձր ջերմաստիճանային գերհաղորդականության ոլորտներում: Դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին նրա մասնակցությամբ ստեղծված արեգակնային էներգիայի փոխակերպման ֆոտոէլեկտրաքիմիական կայանքը, որում արևի լույսի ազդեցության տակ ջուրը տարրալուծվում է ջրածնի ու թթվածնի, ցուցադրվել է ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (Մոսկվա) և արժանացել է ոսկե մեդալի: Արդյունավետ գիտական ու մանկավարժական աշխատանքների համար Վ.Մ. Առաքելյանը պարգևատրվել է ԵՊՀ-ի մի շարք պատվոգրերով ու մեդալով: 2006 թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կատարված աշխատանքների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Նա հեղինակ է 130-ից ավելի գիտական հոդվածների, 2 գյուտի և 3 արտոնագրերի: Նրա տպագրած միայն մեկ գիտական աշխատանքի վրա արտասահմանյան հեղինակների կողմից արվել են մոտ 350 հղումներ:

Վալերի Առաքելյանը Մայր բուհի հնաբնակներից էր: Նա անցել է աշխատանքի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Կիսահաղորդչային նյութերի և սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտաշխատող դեռևս 1971թ.-ին: 1982 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000 թ.-ին նշանակվել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն:

Վ.Մ. Առաքելյանը բացի վաստակաշատ և պրպտուն գիտնական լինելուց աչքի էր ընկնում նաև մարդկային բարձր հատկանիշներով: Բարի, ազնիվ և մաքրամաքուր հոգու տեր գիտնականը սիրված էր ոչ միայն հարազատների և ընկերների, այլ նաև ողջ կոլեկտիվի և ուսանողությամն կողմից:

Երևանի պետական համալսարանը և ԵՊՀ Ռադիոֆիզիկա ֆակուլտետի ուսանողական խորհոուրդը խորապես սգում է սիրված ու անվանի համալսարանականի մահը և խորին ցավակցություններ հայտնում Վալերի Առաքելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներն ու ուսանողներին:

Հոգին ավանդեց ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Վալերի Առաքելյանը

Опубликовано ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ Среда, 28 октября 2020 г.