Ես հավատում եմ մեր զինվորի, ազատամարտիկի ուժին, այս պատերազմով պետք է վերջակետ դրվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մասնակից Նորայր Զախարյանը, ով ապրիլյանին կորցրել էր ոտքը։
Նորայր Զախարյանը այժմ էլ կամավորագրվել է առաջնագիծ գնալու համար, սպասում է մեկնելու հրամանին։
«ԵԿՄ-ի Գավառի տարածքային կառույցում կամավորագրվել ենք պատերազմի առաջին օրվանից, ամեն պահ սպասում ենք հրամանի։ Թե՛ զինվորի, թե՛ թիկունքում գտնվողների մոտ ընկալումն այն է, որ այս պատերազմը պետք է լինի վերջինը, իրավունք չունենք գալիք սերունդին պատերազմող երկիր թողնել։ 2016 -ի ապրիլյան գործողություններն էլ ըստ էության արցախյան պատերազմից հետո իրենց էությամբ առաջինն էին, նախերգանք էին, բոլորս գիտեինք, որ լայնամասշտամբ պատերազմի են նախապատրաստվում»,-ասաց նա։
Նորայր Զախարյանն ընդգծեց, որ չնայած թուրքական հատուկ ջոկատայինների, վարձկան-ահաբեկիչների միլիարդավոր դոլարների զենք զինամթերքի ներգրավմանը՝ թշնամուն չի հաջողվում կատարել իր առջև դրված խնդիրները։
«Որքան էլ մեր բանակը հագեցած է զինտեխնիկայով, բայց մեր ունեցածն ու իրենց ունեցածը չի կարելի համեմատել, չնայած սրան՝ 30 օրից ավել է՝ պատերազմը շարունակվում է, իրենք չեն կարողացել հասնել հաղթանակի։ Իրենց զորքով, զինամթերքով, վարձականերով հետ են շպրտվելու, ջախջավելու են։ Պետք է խոնարհվենք մեր բոլոր 18-20 տարեկան զինվորների առջև, ովքեր մեծամասամբ զոհվեցին հանուն հայրենիքի։ Մեր զինվորների մարտական ոգին բարձր է, ինչը շարժիչ ուժ է, զենք է․․․»,-ասաց նա։