Արցախ գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
«Թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, Ռուսաստանը պարտավորություններ չունի Արցախ նկատմամբ, քանի որ այն չի հանդիսանում Հայաստանի պետական տարածքը»,- նշում է աղբյուրն ու կարծիք հայտնում, որ այս փաստից ելնելով, տարածվել է սխալ մոտեցում, թե Արցախը, որպես այդպիսին, նշանակություն չունի Ռուսաստանի կենսական շահերի համար, սակայն փաստը մնում է փաստ, և հարցումները ցույց են տվել, որ Արցախի բնակչությունը ամենառուսամետն է տարածաշրջանում։ «Взгляд»-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի անմիջական ազդեցության ներքո, Արցախը զավթելուց հետո Արևմուտքի համար կարող է ձեռք բերել կարևոր նշանակություն, և միգուցե, որոշ «դեմոկրատական» վերափոխումներից հետո հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, ինչը վտանգավոր է ռուսական շահերի համար։ «Այստեղ գլխավորը Արցախյան հակամարտության մեջ ժամանակին միջամտությունն է այնպես, որ Արցախը անկում չապրի, հակառակ դեպքում գործընթացներն անդառնալի հետևանքներ կունենան»,-գրում է ռուսական լրատվամիջոցը։