Անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը` դաշտն Արարատյան, առանց տերը լինելու Ղարաբաղի:
Սերգեյ Գորոդեցկի
ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ
«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենարանը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դասավորվում, այն դառնում է քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հալածում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսի կղզի, վերածննդի գրավական: Հայաստանի համար հենց այս վերջին դերն էլ խաղացել եւ խաղում է Ղարաբաղի լեռնային մասը:
Բնությունն ինքն է նրան հաղորդել վիթխարի նշանակություն: Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք հանդիսանում են Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունը, հայ ժողովուրդն ավելի քան երկու հազար տարի դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը:
Լեզվական, ազգագրական ու տնտեսական առումներով լինելով միասնական` Ղարաբաղը վերածվել է Հայաստանի միջնաբերդի, նրա արևելյան թևի: Այդպիսին է նա եղել նախկինում, այդպիսին է նա այժմ եւ այդպիսին կլինի նաև մշտապես, քանի որ անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը` դաշտն Արարատյան, առանց տերը լինելու Ղարաբաղի․․․
Հին ժամանակներում Սյունիքի մելիքությունները, ինչպես որ նախկինում անվանվել է Ղարաբաղը, քանիցս սեփական ուժերով վռնդել են թշնամուն: Պատմությունը կրկնվում է և վերջին անգամ էլ դա տեղի ունեցավ մեր աչքերի առջև:
Պատմությունն ու բնությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված մի տեսակ: Համայն աշխարհում ցրված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է ճանաչել հեշտությամբ. անձնուրաց քաջություն, խիզախության հակում, ինքնավստահություն, յուրօրինակ համառություն, ուղղամիտ հաստատակամություն, նահապետական բնավորություն – ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացումն են հին հայկական առաքինությունների՝ խամրած պատմության դաժանություններից եւ մաքուր տեսքով պահպանված Արցախում:
Հայաստանի ազգային հիշողությունը չպետք է մոռանա ղարաբաղցիների ոչ քիչ հնչեղ անուններ: Չկա այնպիսի ոլորտ, ուր նրանք դրսևորած չլինեն իրենց տաղանդն ու նախաձեռնությունները: Նրանց աշխատանքային ասպարեզն է եղել քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առևտուրը․․․ Այդքան ազդեցիկ գործիչներ տված Ղարաբաղը ստեղծել, ավելի ճիշտ՝ մաքուր վիճակում պահպանել է նաև հին հայ կնոջ կերպարը:
Լենկթեմուրի ժամանակներից Ղարաբաղի մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծն ըստ էության մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ արշավանքների օրերում… Ունենալով Ղարաբաղը` Հայաստանը կստանա մշակութային ուժի հզոր ներհոսք։
Յուրաքանչյուր ժողովուրդ իրենն է փնտրում: Վերածնված ազգերի ապագան կախված է նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ կգտնե՞ն իրենց ազգային մշակույթի բավականաչափ տարրեր: Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որոնց մեջ այս կամ այն պատճառով խտացվել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հայաստանի համար»:
ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ
1919 թվականի մարտի 23, “Кавказское слово”
Արշալույս Զուրաբյանի էջից:
Անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը` դաշտն Արարատյան, առանց տերը լինելու Ղարաբաղի:
Սերգեյ Գորոդեցկի
? ԱՆՊԱՅՄԱՆ…
Опубликовано Arshaluis Zurabyan Среда, 4 ноября 2020 г.