Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը
Advertisement 1000 x 90

Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: