Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանվել են առանձին նորմեր։
Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Մասնավորապես, առանձնացվել են որոշ կետեր.
- Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու
- Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է
- Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք
- Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ, որոնք կպարունակեն ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ
- Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն5 մետր սոցիալական հեռավորություն
- Աշխատատեղերում պետք է տեղադրված լինեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ
- Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով
- Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում:
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։
Տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը նաև հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի հայրենակիցները:
«Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: