Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։
Դրանց շրջանակում մի շարք վարչական վարույթներ են հարուցվել Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։
Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։
«Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։
Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։
Նախորդիվ՝ ջրի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են տարվել Երեւանում եւ հանրապետության այլ մարզերի մարզպետարաններում եւս։ Պատասխանատու օղակների հետ ձեռնարկվել են այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր»: