Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ նոյեմբերի 6-ի լույս 7-ի ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի տրամադրած տեղեկությունը:
Քաղաքապետը նշել է, որ չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են կատարում, բավական մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Նշվում է, որ թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի:
«Ընդհանուր առմամբ, Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ: Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-նշել է քաղաքապետը: