Արմեն Դարբինյանը ծաղրո՞ւմ է զոհվածի մորը
Advertisement 1000 x 90

Արմեն Դարբինյանը ծաղրո՞ւմ է զոհվածի մորը

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր գրառումով ծաղրում է պատերազմում զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն  Կարին Տոնոյանին։

Նախ, առավոտյան, նա գրառմամբ պատասխանում է համալսարանի ներկա և նախկին որոշ ուսանողների, որոնք ֆլեշմոբով ֆեյսբուքում հորդորել էին վերադաառնալ քաղաքականություն և առաջարկել էին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը․

«Համացանցում ֆլեշմոբ է սկսվել՝ Դարբինյանվարչապետ խորագրով: Հիմնականում՝ իմ ներկա և նախկին ուսանողների կողմից: Ստանում եմ նաև բազմաթիվ առանձին նամակներ՝ նույն բովանդակությամբ: Սիրելի Դավիթ, Լաուրա, Մագգի և բոլոր սիրելիներս, Շնորհակալ և զգացված եմ՝ իմ անձը նման կերպ գնահատելու համար, սակայն պիտի խնդրեմ որ դադարեցնեք ֆլեշմոբը: Մի քանի պատճառով.

– Միշտ եղել և մնում եմ սահմանադրական կարգի պահպանման կողմնակից, և պայքարել եմ ու կպայքարեմ այդ կարգի անվերապահ կատարման համար: Վարչապետը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ մեծամասնության թելադրանքով կամ կոալիցիոն սկզբունքով: Այսօրվա դե-ֆակտո մեծամասնության հետ ես ունեմ այլևս գիգիենիկ անհամատեղություն, և, բնականաբար, այն ինձ երբեք չի առաջադրի;

– Եթե անգամ հասարակական և քաղաքական ճնշման արդյունքում ստիպված լինի դա անել՝ ես չեմ համաձայնվի, քանի որ անպատվաբեր կհամարեմ ինձ համար իշխանություն ստանալ պատիվ և արժանապատվություն չունեցող քաղաքական թիմից;

– Այս ֆլեշմոբի իմաստը կարող է երբևիցե ակտուալ լինել՝ միայն նոր ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի պարագայում՝ կապված իմ՝ քաղաքական պրոցեսներում մասնակցության նպատակահարմարությունից և աստիճանից;

– Հայաստանի ապագան այլևս պետք է կապել միայն ու միայն մեր հրաշալի երիտասարդության, ՆՈՐ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՍԵՐՆԴԻ ՀԵՏ, որի լավագույն դրսևորումները մենք տեսանք և անասելի հպարտություն ապրեցինք պատերազմական դաժան օրերի ընթացքում: ԻՐԵՆՔ պիտի որոշեն երկրի ապագա լիդերին, և ուրիշ ոչ ոք;

– Ձեր ցանկությունը և հորդորը՝ քաղաքականություն վերադառնալու, անպայման հաշվի կառնեմ: Անկախ ներգրավվածության աստիճանից՝ մշտապես կգործադրեմ իմ հնարավորությունների առավելագույնը՝ ժողովրդին և պետությանը առավելագույնս օգտակար լինելու համար: Պաշտոն ինձ պետք չէ, ունեմ աշխարհի ամենաբարձր և ամենաանկախ՝ պրոֆեսորի պաշտոնը, և անասելի բերկրանք եմ ապրում, երբ իմ ուսանողները ինձ ընդգրկում են իրենց սիրելի դասախոսների ցանկում, աշխատում եմ միշտ արժանի լինել իրենց սպասումներին:

– Շատ մի նեղվեք իրավիճակից՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ: ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ: ՊԻՆԴ ԿԱՑԵ՛Ք»:

Արմեն Դարբինյանը, որ ամիսը մի քանի անգամ քաղաքական հայացքներ է փոխում, անուղղակիորեն ինքնառաջադրմամբ զբաղվում,  լինելով նախկին՝ ամեն կերպ փորձում է տարանջատվել նախկիններից և ինքն իրեն տեղավորել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիրույթում, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ծիծաղելի կլինի այն ժողովուրդը, որը այսուհետ հավատա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ զարգացման հեռանկարի։ Արժանապատվություն ունեցեք՝ ՀԵՌԱՑԵՔ։ Հեռացեք ինքնակամ՝ փոխանցելով իշխանությունը Ո՛Չ ԵՐԲԵՔ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ։ Լավ մտածեք, թե ում։ Որպեսզի կարողանաք և՛ շանս տաք երկրին, և՛ ապահովեք անցնցում փոխանցումը։ Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը»։

Դրանից մեկ ժամ անց իր այս գրառմանն ի շարունակություն գրել է․

«Հուշեմ նաև՝ ում փոխանցեք։ ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻՆ»։

Վստահ ենք, Արմեն Դարբինյանը կփորձի իրենն բնորոշ ձևով՝ դեմագոգիկ խոհափիլիսոփայական–աշխարհացունց մտքերով և տարբեր գրքերից աֆորիզմներով «լղոզել» իր այդ  գրառումը, թե ի՜նչ է պատահել՝ ինչո՞ւ չի կարող զոհվածի մայր Կարին Տոնոյանը լինել վարչապետ, Նիկոլը կարող է, իսկ նա չի՞ կարող, և այլն, բայց Կարին Տոնոյանը դրա կարիքը չունի, որովհետև իր ոլորտում նա լավագույնս անում է իր գործը, ընտրել է իր գործունեության ոլորտն ու ձևը։

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Նման նյութեր