Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Կարևորն այն է, որ դադարեցված են մարտական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- ասել է Մուրադովը:
Գործակալությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում Ռուստամ Մուրադովն ասում է. «Ես ցանկանում եմ ասել, որ ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայող եմ: Ես գեներալ եմ, սպա եմ, և ինձ համար Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի և իմ ղեկավարների բոլոր հրամաններն ու հրամանագրերը կատարման անհրաժեշտ հրամաններ են: Որպես սպա՝ ինձ համար ազգություն չկա, ես կատարում եմ ինձ առաջադրված առաջադրանքները»: