Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները:
Նախարար Տոնոյանն անհետ կորածների ծնողներին հավաստիացրել է, որ գործընթացը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում և արվում է հնարավոր ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։