Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով վիճարկվող` ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը: Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը»,- գրել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպան կարևոր է համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, սակայն այն դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
«Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:
Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:
Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը»,- գրել է Թաթոյանը: