«…Իսկ հետո նույնն է՝ մեկ պտույտով ավելի…». Աղավնի Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«…Իսկ հետո նույնն է՝ մեկ պտույտով ավելի…». Աղավնի Գրիգորյան

…Իսկ հետո նույնն է՝ մեկ պտույտով ավելի…

Երեկ էր…

Երբ «հրեշին կախե´լ»` որոշեցին.

ա´յս, ա´յս, ա´յն մեղադրանքով,

նաև՝ ապացույցով հստակ.

խախտում իքս-զեթ-ուայ նորմերի:

Թուղթ էր դատավճիռը.

մկրատվեց-գնաց

ճիշտ նույն զգեստի ճամփով,

որ տեղ-տեղ

մերկացնող մանրամասներ ունի

(ոչ այնքան էսթետիկ գուցե`

դե ճիշտը գեշ էլ կլինի),

մինչդեռ կոչված է սուտը քողարկել

(փայլուն կրքազարդով, կամ

աչք շոյող կարով զիգզագ):

Երեկ էր:

Խաբկանք էր թուլություն, ոչ ավելի…

Դատավճիռը չեղարկվեց:

«Ապացույցն ապացուցել է պետք»`

կնքվեց ձեռամբ

Մեծ այրերի.

բանիմաց «փորձագետներ»,

որ «ուղնուծուծն» ապացույցի անգիր գիտեն,

և, հատկապես, ունակ են երկարել

ոդիսականը մի չեղած ողի հորինովի.

ձգել ամիս, տարի, դե´, ինչքան պետք լինի,

նույնն է թե՝ սպասել վերերերից հրամանի

(Հռոմի սենատից այսդին այդպես եղե´լ է, կա´):

Երեկ էր:

Նիստն ավարտվեց… կիսատ,

առանց ծափողջույնի:

Դատավարն իջավ բեմից,

թափ տվեց ձեռքը՝ իբր

նեղացած, հոգնած,

այնպես սակայն,

որ տեսախցիկը գրանցի

կսկիծն իր «վեհ»

(լավ նկարված գրիմ՝ կնճիռներով):

Մի քանի պաթետիկ խոսք

կփոխանցի հետո

իրեն սպասող լրագրողին՝

«հանուն արդարության» հանգին արժան,

«հանուն արդարության» հանգին վայել`

բառաֆոնդով հնչեղ,

բառաշարով դիպուկ…

Երեկ էր:

Մուրճը մնաց օդում`անկշռելի,

ապացույցները՝ չիք, կամ՝ կեսճամփին:

Կախաղանը՞…

կուշտ է հարկավ` նոր զոհ ունի.

ճոճվում է անմաշիկ՝ հրեշի հուշումով:

Իսկ հետո նույնն է՝ մեկ պտույտով ավելի…

Աղավնի Գրիգորյան

2020 սեպտեմբեր-հոկտեմբեր