Սոթք–Քարվաճառ մայրուղին նոյեմբերի 25-ին, պաշտոնապես կփակվի։ Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանը տեղից ցույց է տալիս ճանապարհի երթևեկության վերջին օրը։
Սոթքի ճանապարհին հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ, որն այսօր ծանրաբեռնված աշխատում է։ Մայրուղին խցանված է երկու կողմում էլ. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուսով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։
Այսուհետ Արցախը Հայաստանին կկապվի միայն Լաչինի միջանցքով։
Ստեփանակերտ – Դրմբոն – Դադիվանք – Սոթք – Վարդենիս ճանապարհով անցնելիս կարելի է զմայլվել Թարթառ գետով, սաղարթախիտ անտառներով, Քարվաճառի ժայռերով և ալպյան մարգագետիններով։
Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։