90-ականների հաղթական պատերազմից հետո Քարվաճառի շրջանում տեղադրված «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» վահանակն այսօր կեսգիշերից արդեն կլինի ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Վահանակի հետ էլ` ամբողջ Քարվաճառի շրջանը։ Հայկական կողմին կմնա «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը, որը, հավանաբար, կթողնեն` որպես խորհրդանշանական։
Sputnik Արմենիայի թիմը լուսանկարել է Հայաստանը Արցախին կապող Սոթք–Քարվաճառ մայրուղու և Քարվաճառ քաղաքի վերջին օրը` հայկական վերահսկողության ներքո։
Քարվաճառ քաղաքի ուղղությամբ ոչ մի անցակետ չի ստեղծվել, և անցումը բաց է գրեթե բոլորի համար: Քաղաքում սահմանափակ թվով մարդիկ են մնացել, որոնք հավաքում էին մնացած իրերը և հրկիզում տները: Շուրջբոլորը մահացու լռություն է։ Երբեմն միայն լսվում է առանց տերերի մնացած շների հաչոցը:
Սոթք–Քարվաճառի մայրուղու վրա հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ, որը ծանրաբեռնված աշխատում է։ Մայրուղին խցանված է երկու կողմից էլ. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուսով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։ Ստեփանակերտ–Դրմբոն–Դադիվանք–Սոթք–Վարդենիս մայրուղին ամենագեղեցիկ ճանապարհներից էր։ Դրանով անցնելիս կարելի էր զմայլվել Թարթառ գետով, սաղարթախիտ անտառներով, Քարվաճառի ժայռերով։
Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:
Այժմ Հայաստանն ու Արցախը կապվելու են միայն Լաչինի միջանցքով` Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, որը սկսել է գործել նոյեմբերի 17-ից: