Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, որի գիտական աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը: Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Հենրիկ Բակունցը ծնվել է 1946 թվականի մարտի 18-ին Տումի գյուղում: 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1977-1988 թվականներին եղել է Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, հետագայում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի գլխուղեղի անոթային հիվանդությունների ԿԳՀԼ վարիչ և Շտապ օգնության կլինիկական հիվանդանոցի անոթանյարդաբանության կլինիկայի ղեկավար, 1990-1998 թվականներին՝ «Աղետների նյարդաբանություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, 1998 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի անոթանյարդաբանություն դասընթացի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման «Անգիոնևրոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2000 թվականից՝ տնօրեն:
Նրա աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը:
Լուսանկարը` panorama.am-ի