ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ Մամիջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
Հայկ Մամիջանյանին ձերբակալեցին նոյեմբերի 20–ին, իսկ հաջորդ օրը բաց թողեցին, քանի որ դատարանը ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ:
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,–գրել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Նոյեմբերի 11–ից սկսած հայաստանյան 16 ընդդիմադիր կուսակցություն հանրահավաքներ են կազմակերպում` իրենց անհամաձայնությունը հայտնելով եռակողմ հայտարարությանն ու պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը։
Նույն այդ պահանջով հացադուլ են հայտարարել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ–ական Գարիկ Ավետիսյանը։ Նրանց են միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։