Հաջողությունն ու ծոցատետրի մեջ խրված բեկորը. 19-ամյա զինվորը պատմել է, թե ինչպես է վիրավորում ստացել Արցախում պատերազմի ժամանակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հաջողությունն ու ծոցատետրի մեջ խրված բեկորը. 19-ամյա զինվորը պատմել է, թե ինչպես է վիրավորում ստացել Արցախում պատերազմի ժամանակ

19-ամյա Խաչիկն իրեն երբեք հաջողակ չի համարել, սակայն այժմ՝ հիշելով այն, ինչ տեղի ունեցավ իր հետ հոկտեմբերի 16-ի գիշերը, խոստովանում է, որ իսկապես բախտը բերել է:

«Եթե այդ պահին ինչ-որ բան այլ կերպ անեի, ապա այսօր ողջ չէի լինի», – պատմեց նա:

Խաչիկ Հովսեփյանը ծառայել է բանակում գրեթե 5 ամիս, երբ սկսվել է Արցախում պատերազմը: Հոկտեմբերի 16-ին նրանից 3 մետր հեռավորության վրա ընկել եւ պայթել է թշնամու ականը:

«3 մետրն այնպիսի հեռավորություն է, որ եթե մարդու եւ ականի միջեւ ոչինչ չկա, ապա հնարավոր չէ, որ մարդը ողջ մնա», – NEWS.am Medicine-ին պատմեց Խաչիկը:

Բարեբախտաբար, Խաչիկի եւ ականի միջեւ թնդանոթ է եղել, որից նա կրակել է: Լսելով թռչող ականի սուլիչը՝ Խաչիկը կիսանստել է, եւ նրա մարմնի վերին հատվածը մասնակի ծածկվել է թնդանոթով: Եվ չնայած նրան, որ նրա ոտքերի ոսկորները փշրվել են, Խաչիկը ողջ է մնացել: Նա վստահ է, որ եթե այդ պահին ինչ-որ բան այլ կերպ աներ կամ էլ պառկեր գետնին, ինչպես իրեն սովորեցրել էին, ապա այժմ չէր կարողանա պատմել այդ օրվա մասին:

Խաչիկի մարմնի մեջ ավելի քան 100 բեկոր է հայտնվել, որոնց մեծ մասը ծակոտել են նրա ոտքերը: Թմբկաթաղանթը պայթել է, մանր բեկորները հայտնվել են աչքերի մեջ, իսկ մեծ բեկորը կարող էր հայտնվել սրտի մեջ, եթե չլիներ ծոցատետրը:

«Դա փոքր ծոցատետր էր, որում գրված էին բանակի կանոններն ու օրենքները: Երբ ես հիվանդանոցում էի, տղաներից մեկը հանեց ծոցատետրի մեջ խրված բեկորն ու ինձ տվեց: Իմ աչքերն այդ ժամանակ կապված էին, եւ ես չտեսա այն: Ցավոք, ես կորցրի այդ բեկորը, երբ տեղափոխվեցի այլ հիվանդանոց», – պատմեց Խաչիկը:

Արկի պայթելուց հետո Խաչիկը գիտակից վիճակում է եղել, եւ երբ ծառայակիցները շտապել են նրա մոտ, նա խնդրել է առաջին օգնություն չցուցաբերել, այլ տանել անվտանգ վայր, քանի որ նրանց վրա եւս կարող էին կրակել:

Որոշ ժամանակ անց Խաչիկին տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց, ապա՝ Ստեփանակերտ, որտեղ նրա ոսկորները ֆիքսել են, որից հետո նրան ուղարկել են Երեւան՝ «Շենգավիթ» ԲԿ, որտեղ մի քանի վիրահատության է ենթարկվել: Ոտքերը վիրահատել են, երկու ոտքերի վրա տեղադրել են Իլիզարովի կոմպրեսիվ-դիստրակցիոն սարք: Խոշոր բեկորները նրա մարմնից հանել են, սակայն մանր, կյանքին վտանգ չներկայացնող բեկորներին ձեռք չեն տվել: Դրանցից որոշները Խաչիկն ինքն է հանել մաշկի տակից: Խաչիկի աչքերը եւս վիրահատել են, իսկ ահա ականջների վիրահատությունը հետաձգել են մինչեւ լիարժեք ապաքինումը:

Բժիշկների գնահատմամբ՝ Խաչիկը մոտ 6 ամիս ստիպված կլինի քայլել Իլիզարովի սարքով: Վերականգնումից հետո նա հույս ունի շարունակել ուսումն ու աշխատանք գտնել: Խաչիկը մտադիր է ծրագրավորող դառնալ:

med.news.am