«Հայաստանի իշխանություններն այնքան սխալներ են գործում, որ դրանցից նվազեցումը տասնամյակների տաժանակիր աշխատանք է պահանջելու». Գոհար Մելոյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի իշխանություններն այնքան սխալներ են գործում, որ դրանցից նվազեցումը տասնամյակների տաժանակիր աշխատանք է պահանջելու». Գոհար Մելոյան

Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը»։

Հայաստանի իշխանություններն ամենօրյա ռեժիմով այնքան սխալներ են գործում, որ դրանցից յուրաքանչյուրի կործանարար հետևանքների վերլուծությունը և ինչ-որ եղանակով նվազեցումը տարիների, եթե ոչ տասնամյակների տաժանակիր աշխատանք է պահանջելու։

Վերոնշյալի համատեքստում Հայաստանի ազգային հարստություններից մեկը՝ հազարավոր աշխատատեղեր ապահովող Սոթքի ոսկու հանքն Ադրբեջանին հանձնելու «եղանակը և ընթացքն» ուղղակի անկրկնելի են։

Արդյո՞ք աշխարհում եղել է դեպք, երբ որևէ պետություն իր ամենամեծ ոսկու հանքը հանձնի մեկ այլ, այն էլ՝ թշնական պետությանը, բացառապես մի քանի ժամերի ընթացքում՝ GPS սարքի միջոցով կատարված հետազոտության հիման վրա, որի իսկությունը վիճարկվում է բազմաթիվ մասնագետների կողմից։

Համոզված եմ, որ ոչ։

Միջազգային պրակտիկայում պետությունների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տևում է տասնամյակներ։

Այդ նպատակով ստեղծվում են մասնագիտացված հանձնաժողովներ, որոնք տարիներ շարունակ բուռն վեճեր են ունենում նույնիսկ մեկ փոքրիկ բլրակի պատկանելիության վերաբերյալ։

Իսկ Հայաստանի իշխանությունները Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, որն ապահովում է տասը հազարից ավելի անձանց բարեկեցությունը, մեր պետության 4-րդ հարկատուն է, ժամերի ընթացքում հանձնեցին Ադրբեջանին։

Տնտեսական աղետի նախաշեմին դադարեցվում է ՀՀ արդյունաբերական ամենամեծ հզորություններից երկուսի՝ Սոթքի ոսկու հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեությունը, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնվում է ծանր նոկաուտի մեջ։

Զուտ թվերի առումով աղետի աստիճանը հասկանալու համար բավարար է նշել, որ 2019 թվականի ընթացքում Սոթքի հանքն ապահովել է ՀՀ արտահանման ամբողջ ծավալի մոտ 9%-ը, իսկ 2020 թվականին, հաշվի առնելով ոսկու գնի կտրուկ աճը, հաստատապես ավելի շատ։

Նիկոլ Փաշինյանի սխալների, դավադրությունների կործանարար հետեւանքներից է նաեւ այն, որ Հայաստանը դեռ երկար լուրջ չի ընկալվելու աշխարհում որևէ պետության կամ գործարարի կողմից։

Հ.Գ. Այնուամենայնիվ, որևէ մեկը կարող է բացատրել՝ ի՞նչ նպատակով էր Հայաստանի իշխանությունների կողմից տեղադրվում Քարվաճառ տանող դարպասը, եթե հաջորդ օրն Ադրբեջանի զինված ուժերը պետք է կոտրեին կամ շրջանցեին այն՝ հասնելով մինչև Սոթքի հանք։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից:

Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը»։

Հայաստանի իշխանություններն ամենօրյա…

Опубликовано Gohar Meloyan Суббота, 28 ноября 2020 г.



Նման նյութեր