Արարատի մարզում երեկ` նոյեմբերի 29-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է գրանցվել։ Կանաչուտ գյուղի բնակիչ, 65-ամյա Զավեն Կարապետյանը ժամը 15։50-ի սահմաններում զանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և ասել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, 2 հոգի ներս են մտել նշված տուն, բացել են խոհանոցում եղած չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել 37.000.000 դրամ, երկու հատ 500 եվրո թղթադրամ, մոտ 10.000 ԱՄՆ դոլար, մոտ 25.000 ՌԴ ռուբլի գումար և մոտ 15 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 50.000.000 դրամի վնաս:
Մինչ փորձաքրեագետն աշխատել է դեպքի վայրում, ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով Կանաչուտ գյուղից բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 20-ամյա Հայկ Հովհաննիսյանին և 35-ամյա Պերճ Մկրտչյանին։
Երբ իրավապահները պարզել են գողություն կատարողների գտնվելու վայրը, հետապնդել են Մկրտչյանին, որը գողության վայրից բավականին հեռավորության վրա փորձել է քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայով դիմել փախուստի։
Նրա ոտքերը կոտրված են եղել։ Քաղաքացիները նրան հարցրել են, թե ինչ պայմաններում է ոտքերի կոտրվածք ստացել, Մկրտչյանը հայտնել է, որ ավտովթարի է ենթարկվել, սակայն քրեական հետախուզության ծառայողները նրան բռնել են այդ պահին։
Կայքի տեղեկություններով՝ գողոնը հայտնաբերվել է Մկրտչյանի մոտ։