Կիրակի օրերը Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում ուխտավորների հետ միասին, սահմանի մոտ խաղաղապահ զորքը գալիս է ուղեկցում մինչև Դադիվանք, գնում աղոթքներ են անում, վերադառնալուց էլ խաղաղապահ զորքը բերում է սահմանն անցկացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դադիվանքի վանահայր ժամանակավոր Սուրբ Երրորդություն եկեղեցի տեղափոխված Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Դադիվանքում հոգևոր հայրերը հերթափոխով իրենց ծառայությունն են մատուցում սարկավագների հետ միասին և հույս հայտնեց, որ խաղաղապահ զորքը կպահի, կպահպանի այդ ամենը: Տեր Հովհաննեսը հայտնեց, որ խաչքարերի մի մասը տեղափոխել են, բայց կան այնպիսիները, որոնք հենց եկեղեցու պատի մեջ են և մնացել են այնտեղ․ դրանք չեն տեղափոխել, որպեսզի չվնասեն թե՛ խաչքարերը, թե՛ պատը:
«Առայժմ ապահով է գնալը: Հուսով ենք, որ Աստված ամեն ինչ իր տեղը կբերի, սա մեր սխալների, բացթողումների, մեղքերի պատասխանն ենք ստանում»,- ասաց նա և նշեց, որ դեռ հարց է, թե թուրքը այսքանով բավարարվում է, թե մնացածն էլ է ուզում, ոչ մի երաշխիք չկա:
«Մենք չգիտենք մեր թշնամին ինչ է մտածում, իրենց սև ձեռագիրն են ցույց տալիս, իսկ աշխարհը լռում է, այսինքն՝ ես աշխարհից հույս չունեմ: Մենք պետք է միանանք, սիրո մեջ ամրանանք: Երբ պատերազմը սկսեց սեպտեմբերի 27-ին, Հայաստանում ժողովուրդը գրկաբաց ընդունեց ղարաբաղցիներին, սիրո մեջ ընդունեց, բայց այսօր այս հողերի նվիրաբերումից հետո մարդիկ ասում են` դե ղարաբաղցիք, գնացեք ձեր հողերը, մեր երեխեքը զոհվեցին…: Այս ամենը չարի գործն է, և ուզում են սեպ խրել ղարաբաղցու և հայաստանցու միջև, բայց մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am