Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին. armeniasputnik.am

Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) օդերևութաբանական համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթությունից ու Երևանում կարգավարական կուրսերից հետո Աիդա Դավթյանը 1983 թվականին աշխատանքի է անցնում «Շիրակ» օդանավակայանում որպես կարգավար: Ասում է՝ արդեն հասցրել էր սիրել ու իրենով անել մասնագիտությունը, երբ դեկտեմբերի 7–ի սարսափելի աղետը տեղի ունեցավ:

Աիդա Դավթյանը` «Շիրակ» օդակայանում աշխատելու տարիներին

«Օդանավակայանի շենքի պատերն ուժգին տատանվում էին, թվում էր՝ շենքը փուլ կգա: Քաղաքի կողմից դղրդյուններ էին լսվում, իրարանցում էր։ Քիչ անց ցնցումներն աստիճանաբար մարեցին: Շենքը կանգուն մնաց, զոհեր, բարեբախտաբար, չեղան: Մեզ թվաց պատերազմ է սկսվել՝ քաղաքի վրա ռումբեր են պայթել, որոշ ժամանակ անց ստացանք սարսափելի լուրը»,-պատմում է տիկին Աիդան:

Գյումրիում տիրող իրավիճակի մասին իմանալուց հետո անմիջապես շտապում է տուն: Տեսնելով, որ հարազատներին բան չի պատահել` կրկին վերադառնում է աշխատանքի:

Էլեկտրականության բացակայությունը չի խանգարում օդանավակայանում կազմակերպել առաջին վիրավորների տեղափոխումն այլ քաղաքների հիվանդանոցներ: Ժամը 15:00-ի սահմաններում ժամանում են առաջին ուղղաթիռները: Հենց այդ րոպեից օդանավակայանը դառնում է ամենակարևոր կենտրոններից մեկը: Պարբերաբար վիրավորներ էին բերում: «Նրանք բոլորը կիսամերկ էին: Քանի որ գիշերային հերթապահությամբ էինք աշխատում, մեզ մոտ ծածկոցներ ու վերմակներ կային, ամբողջը բերեցինք։ Հիվանդներին փոքր-ինչ ցավազրկելու համար, բժիշկի առաջարկով, թռիչքների ուղևորներից կոնյակ ճարեցինք, տվեցինք, որ խմեն»,-հիշում է տիկին Աիդան։ Նա ստանձնում է նաև վիրավորների տվյալները գրանցելու գործընթացը. նրանք ուղեկցող հարազատներ չունեին ու հետագայում նրանց մասին տեղեկություններ ձեռք բերելը բարդ կլիներ: Օդանավակայանի տարածքում արագ ձևավորվում է փոքրիկ հոսպիտալ, որտեղ մինչև տեղափոխվելը մնում էին վիրավորները:

Առաջին ուղղաթիռներով վիրավորներին ճանապարհում էին Երևան կամ Թբիլիսի: Ավելի ուշ Երևանից ժամանած կապի մասնագիտական բրիգադները վերականգնեցին էլեկտրասնուցումը, որից հետո օդանավակայանի ծառայությունները սկսեցին աշխատել բնականոն, սակայն անսովոր խիստ ծանրաբեռնվածությամբ:

Մարդասիրական օգնության եկած օդանավերն անթիվ–անհամար էին ինչպես «Զվարթնոց», այնպես էլ «Շիրակ» օդանավակայաններում: «Վայրէջք-թռիչքները ղեկավարող ավիակարգավարներս, գիշեր ու զօր աշխատում էինք անասելի ծանրաբեռնվածությամբ՝ ուժերի ու հնարավորությունների առավելագույնով օրական 240 թռիչք սպասարկելով: Բոլորս էլ գիտակցում էինք աշխատանքի կարևորությունը»,–ասում է տիկին Աիդան:

Ավելի ուշ օդանավակայանը սկսեց ընդունել նաև բեռնատար օդանավեր՝ աշխարհի տարբեր երկրներից, իսկ արդեն օրեր անց փրկարարներ ու շինարարներ տեղափոխող ինքնաթիռները շատացան: Մինչև 1989–ի մարտ ամիսн օդանավակայանն աշխատել է նույն ծանրաբեռնվածությամբ:

«Ջուր չկար, նույնիսկ լվացվելը դժվար էր, մինչև Արթիկից մեծ տակառներով ջուր բերեցին, որ կարողանայինք գլուխներս լվանալ: Դուրսը կրակի մոտ էինք տաքանում: Հերոսի պես մնացինք ու աշխատեցինք»:

Աիդա Դավթյանի ստացած մեդալը

Վաստակած հանգստի անցած տիկին Աիդան ասում է` եթե նորից ընտրելու լիներ, կրկին ավիացիան կընտրեր: Ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, կարևորելով երկրաշարժից հետո օդանավակայանի դերն ու կատարած աշխատանքը, Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի անունից տիկին Աիդան արժանացավ հատուկ մեդալի:

armeniasputnik.am