Ռազմական գործողությունների այն վայրերում, որոնք այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են գտնվում, որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«ԱԻՊԾ տնօրեն, գեներալ–մայոր Կարեն Սարգսյանը դիմել էր ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի թույլատրեին անհետ կորածների ծնողներն էլ մասնակցեն որոնողական աշխատանքներին։ Թույլտվություն ստանալուց հետո ստեղծվեց օպերատիվ շտաբ, և այժմ յուրաքանչյուր ուղղությամբ աշխատանքներին մասնակցում են նաև որոշ քանակությամբ ծնողներ։ Նրանք իրար մեջ են որոշում` ովքեր են մասնակցելու այդ աշխատանքներին»,–ասաց Թադևոսյանը։
Նրա խոսքով` ծնողներն ավելի հստակ գիտեն իրեն տղայի տեղը, քանի որ վերջին անգամ հենց նրանց է զանգել։ Ծնողների հետ զրույցի արդյունքում քարտեզագրվում են տվյալները և սկսվում են որոնողական աշխատանքները։
Թադևոսյանն ասաց նաև, որ այդ աշխատանքներին մասնակցելը շատ դժվար է ինչպես ծնողների, այնպես էլ փրկարարների համար, սակայն իրավիճակն այնպիսին է, որ դիակ գտնելիս անգամ ուրախանում են, որ ի վերջո այն գտնվեց։
Նա հայտնեց նաև, որ այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: Երեկոյան կամփոփվեն այսօրվա տվյալները։
«Նոյեմբերի 13-ից սկսած` Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները մասնակցում են բուն որոնողափրկարարական աշխատանքներին։ Բոլոր ուղղություններում այդ աշխատանքները սկսել են. առաջինը սկսել ենք Շուշիից։ Նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն»,–ասաց Թադևոսյանը։
Նա հավելեց նաև, որ այս ընթացքում ողջ մնացածների, ցավոք, չեն գտել` բացառությամբ նոյեմբերի 14-ին Շուշիի անտառային գոտում մեկ ադրբեջանցի վիրավոր և մեկ հայ զինծառայողների։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am