Սպիտակի երկրաշարժից տուժած բժիշկը դասախոսություն է կարդացել ԵՊԲՀ-ում
Advertisement 1000 x 90

Սպիտակի երկրաշարժից տուժած բժիշկը դասախոսություն է կարդացել ԵՊԲՀ-ում

 Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժին հաջորդող օրերին Երևան ժամանած և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բուժօգնություն ցուցաբերած պլաստիկ վիրաբույժ Կազբեկ Կուդզաևն դեկտեմբերի 14-ին հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Այս մասին տեղեկացրեց  ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Տաթևիկ Գրիգորյանը՝ հավելելով. «Մեր համալսարանի 1-ին լսարանում ապագա բժիշկներին նա ներկայացրեց իր մասնագիտական ուղին:  Բժիշկը պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվում է 1982 թվականից: Տարիներ շարունակ արդեն իր սեփական կլինիկան ղեկավարող մասնագետը ուսանողներին ներկայացրեց իր որպես բժիշկ կայացման մանրամասները, որոնց առանցքում էին աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր իրավիճակներում հայտնված մարդիկ, ում կյանքում բժիշկը վճռորոշ նշանակություն է ունեցել»:

Կազբեկ Կուդզաևին Հայաստանի հետ կապում են կարևոր հիշողություններ: Անվանի բժիշկը 28 տարի անց կրկին Երևանում էր, իր կողմից ապաքինած հիվանդներին և հայ գործընկերներին երկրաշարժից 28 տարի անց հանդիպելու նպատակով: «Իմ հսկաները» խորագրով դասախոսությունը պատմում էր բժշկի կյանքում կարևոր մարդկանց՝ ծնողների, ընտանիքի, տասնյակ հիվանդների ու գործընկերների մասին: Ապագա բժիշկներին նա խորհուրդ տվեց ամեն անգամ պատկերացնել, որ հիվանդը ոչ թե օտար մարդ է, այլ իր հարազատը, ով ունի օգնության կարիք: Նա նաև հորդորեց ապագա բժիշկներին առանձնակի վերաբերմունք տածել այն հաստատության հանդեպ, ուր ստանում են բժշկական կրթություն, ինչպես նաև հարգել ուսուցիչներին, վերցնել նրանցից լավագույն գիտելիքները, որոնք բոլոր ժամանակներում զարգացման, առաջընթացի լավագույն երաշխիքն են: Պլաստիկ վիրաբույժը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, կարևորեց հումորի զգացումը: