Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եղել է Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրերում, քննարկումներ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, գյուղերի բնակիչների և ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ: ՄԻՊ Արման Թաթոյանն այցից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել Facebook–ում։
«Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները»,–գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով`պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իր կարգավիճակով պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել, լինել նախաձեռնողական սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են պետական սահմանին. դա այս օրերի բացառիկ գերակայություններից է: