Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թորոսյանը պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 8-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։

Թորոսյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Քոչարյանի նոյեմբերի 22-ին կատարած գրառումն է, որն այնպիսի բովանդակություն ունի, որում առկա են հիմքեր՝ դատարան դիմելու։

Հունանյանն ասաց, որ պահանջում են առավելագույն չափով՝ 1 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաեւ հրապարակայնորեն ներողություն։

Չմեջբերելով ամբողջ գրառումը՝ նշենք, որ Քոչարյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը Արսեն Թորոսյանի ներկա գտնվելու հանգամանքին։ Նա Թորոսյանին անվանել է մարդասպան:

Պատասխանող Կարեն Քոչարյանը ՀԺ-ից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ո՛չ, ինչքան ինքն է ներողություն խնդրել դատարանի որոշումից հետո, այնքան էլ ես կխնդրեմ։ Իմ պարագայում դեռ դատ չի եղել, իսկ իր պարագայում արդեն դատ եղել է, եւ ինքն ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել»։

Հարցին՝ Արա Մինասյանի հետ կապված հայցի մասի՞ն է խոսքը՝ Քոչարյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ, որ դատարանը նրան պարտավորեցրել է ներողություն խնդրել, ինքն ասել է՝ ես ներողություն չեմ խնդրելու։ Ես էլ չեմ խնդրի։ Երբ իր պարագայում կա ներողություն խնդրելու պարտավորություն եւ չի կատարում եւ նույն պահանջով ինքն է դատի տալիս, դա արդեն շատ զվարճալի է, համաձայն չե՞ք»։

Անդրադառնալով փոխհատուցման պահանջին՝ Քոչարյանն ասաց, որ ինքն օրինապաշտ է, եւ դատարանը պետք է որոշի։

armtimes.com