Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանն առնվազն պետք է հրաժարական տար (կար նաև ինքնակամ ձևով կյանքից հեռանալու տարբերակը, բայց դա իր դեպքում հավանական չէ, քանզի փորձը ցույց է տվել, որ ինքն ունակ է զոհելու ուրիշներին, բայց ոչ զոհվելու)։
Նիկոլը հրաժարական չի տալիս։ Վախից, թե այլ մոտիվացիայով, էական չէ։ Մնում է նրան հեռացնելու տարբերակը։ Դա պետք է անի ժողովուրդը։ Ամեն մեկս։ Ժողովուրդ ասածը ընդհանուր նպատակ ունեցող անհատների միավորումն է։
Ես ընտրել եմ ակտիվ պայքարի ձևը։ Թողել եմ հարմարավետ աշխատասենյակս, մի կողմ եմ դրել տնօրենի ֆունկցիաներս ու դուրս եմ եկել փողոց, քանզի ինձ այս իշխանություններն այլ տարբերակ չեն թողել։
Ես արժանապատվություն ունեմ ու չեմ կարող հանդուրժել, որ իմ պետությունը ղեկավարեն դավաճանները կամ հիմարները։
Սա կուսակցական պայքար չէ։ Սա անվտանգության ու արժանապատվության հարց է։ Սա մեր պետության լինել–չլինելու հարց է։
Եթե Նիկոլը մնա, մենք կկորցնենք ամեն ինչ։ Նա ապակայունացման կենտրոն է ու պարտության խորհրդանիշ։ Հետևաբար՝ պետք է հեռանա։
Մեր ամենօրյա երթերը նպատակ ունեն մարդկանց հանել շոկից։ Պարտության շոկից, դավաճանված ու խափված լինելու շոկից։ Մենք պայքարում ենք, որպեսզի մեր քաղաքացիները պարտության, սգի ու կապիտուլյացիայի դեմ անզեն չմնան։ Մենք պայքարում ենք, որպեսզի վաղը մարդիկ չարտագաղթեն։ Մենք պայքարում ենք, որպեսզի մեր պետության փլատակների տակ չմնանք։
Մենք երթերով նպատակ ունենք զանգվածներ հավաքել ու համոզել ընկճվածներին, որ իրենք մենակ չեն ու Հայաստանը մեռած չէ։
Մենք պետք է մարդկանց համակարգիչների, հեռուստացույցի էկրանների դիմացից, տանից, աշխատանքային վայրերից դուրս բերենք փողոց և մեր որոշումը պարտադրենք այս կապիտուլյատներին։
Երթերը, բողոքի այլ միջոցառումները պայքարի մկաններն ուժեղացնելու նպատակ ունեն։ Դա մեծ դիմակայության նախապատրաստական փուլն է։ Երթերին կհաջորդի մեծ հանրահավաքը, որի ֆունկցիան իշխանական խունտան կազմալուծելն է։
Սա նյարդերի պայքար է։ Տեսակի պայքար է։ Մենք պետք է կամք, հետևողականություն ու համառություն դրսևորենք՝ իշխանափոխությունը հնարավորինս շուտ և անցնցում իրականացնելու համար։
Իշխանական բուրգը օր օրի թուլանում և ճաքեր է տալիս։ Մենք մեր ցանկացած բողոքի գործողությամբ քանդում ենք Նիկոլի ստի բուրգը և ձևավորում ազգային–ազատագրական պայքարի նոր բևեռ՝ այլընտրանքային իշխանություն։
Մենք պետք է գործադուլների, դասադուլների միջոցով նոր թափ հաղորդնենք հակաիշխանական պայքարին ու քաղաքացիական կեցվածք որդեգրենք ՝ ամենօրյա պայքարով։ Որքան շուտ ու որքան շատ «մկաններ» հավաքենք, այնքան արագ կհեռանա այս իշխանությունը։
Ամեն մի քաղաքացի պետք է ջանք ներդնի, ամեն մի քաղաքացի պետք է իրենը համարի շարժումը։ Երկիրն անտեր է մնացել ու պետք է տեր կանգնել մեր երկրին։
Վճռական գործողությունը մեկ օրվա կամ մեկ ժամվա ընթացքում արածը չէ։ Վճռականությունը տասնապատկվելն ու հարյուրապատկվելն է, որից հետո իշխանափոխության հարցը կդառնա տեխնիկայի խնդիր։
Այս իշխանությունը լեգիտիմ չէ և չի ներկայացնում ժողովրդին։ Մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ հասնել նրան, որ խորհրդարանն իր քվեով պաշտոնանկ անի Նիկոլին (այդ դեպքում «Իմ քայլի» պատգամավորները պետք է վեր կանգնեն թայֆայական սկզբունքից ու առաջնորդվեն Հայաստանի շահերով, ինչը նրանց ինդուլգենցիա կապահովի), կա՛մ ժողովրդական լայն զանգվածներով պարտադրել Նիկոլին հեռանալ (սա պայքարի համեմատաբար արմատական տարբերակն է)։
Ուժային կառույցներում տեղի ունեցողը ցույց է տալիս, որ նրանք սպասում են «իքս» պահին, որպեսզի հրապարակավ ու զանգվածաբար անցնեն ազգային–ազատագրական պայքարի կողմը՝ ո՛չ ասելով Նիկոլին։ Այդ «իքս» պահն ինքներս պետք է մոտեցնենք մեր ակտիվությամբ ու քրտնաջան աշխատանքով։
Ես համոզված եմ, որ մեր բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ–ն չեն կարող կողմ չլինել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, քանզի ուսադիր կրող մարդիկ պետականամետ մտածողություն ունեն և չեն կարող կանգնել պետությունը կապիտուլյացիայի տարած ստախոսը կողքը։
Եվ այսպես, բոլորիս աշխատատեղը պետք է դառնա փողոցը, բոլորիս աշխատանքը՝ Նիկոլին հեռացնելը։
Ժողովո՛ւրդ, ոտքի՛
Անդրանիկ Թևանյանի էջից:
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին (ճանապարհային քարտեզ)
———————————Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանն առնվազն պետք է…
Опубликовано Andranik Tevanyan Понедельник, 14 декабря 2020 г.