Հայտնի են ադրբեջանցիների կողմից գլխատված երկու քաղաքացիների ինքնությունները և նրանց գլխատելու հանգամանքները։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նրանցից մեկը Արցախի Մադաթաշեն գյուղի 69-ամյա բնակիչ Գենադի Պետրոսյանն է, մյուսը` Ազոխ գյուղի 82-ամյա բնակիչ Յուրի Ասրյանը։
«Սպանված անձանց ճանաչել են համագյուղացիներն ու գյուղապետները լուսանկարների և տեսանյութերի հիման վրա», – ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` հայ իրավապաշտպանները պատրաստվում են դիմել միջազգային կառույցներ` կյանքի իրավունքի խախտման փաստով, պայքարելու են նաև քրեական գործերի հարուցման համար։
«Ադրբեջանում քրեական գործեր են բացվում հայերի դեմ հանցագործությունների հետ կապված, սակայն մենք այդտեղ սպեկուլյատիվ միտում ենք տեսնում։ Դրանցով Ադրբեջանը պաշտպանական բազա է ստեղծում միջազգային կառույցներին ցուցադրելու համար», – ասաց իրավապաշտպանը։
Նշենք, որ Արցախի երկու տարեց տղամարդկանց գլխատելու տեսանյութերը համացանցում հայտնվել էին նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին։ Տեսանյութերում ադրբեջանական բանակի համազգեստով մարդիկ գլխատում են տղամարդկանց։