Արցախի Հին Թաղեր գյուղում ադրբեջանցիների շրջափակումից դուրս եկած հայ 30 զինծառայողներն այժմ Երևան-Գյումրի մայրուղում են և համագյուղացիների հետ փակել են ճանապարհի Ազատանի հատվածը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տղաները պատմել են, թե ինչպես են կարողացել շրջափակումից դուրս գալ։
«Մեր հրամանատար Արսեն Ղազարյանը մեզ հետ կանգնած պոստ կպահեր, ամեն ինչ կաներ։ Թուրքի հետ խոսաց, պայմանավորվեցին, որ մենք դուրս կգանք։ Թուրք հալով կըսեին` մենք կսպասենք, դուք դուրս եկեք, մենք չենք կրակի։ Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին», – ասում է զինծառայողներից մեկը։
Խումբը 30 հոգուց էր բաղկացած, ևս 60 զինծառայող կային տարածքում։ Տղաները ուզում էին ադրբեջանցիներից ավելի շատ ժամանակ խնդրել, որպեսզի 60 տղաները նույնպես գային, միանային իրենց։
«6-ին տասը պակաս թուրքերը սկսեցին օդ կրակել` նախազգուշացնել, որ դուրս գանք։ Արսեն Ղազարյանը նորից գնաց բանակցելու։ Մենք կարողացանք դուրս գալ` ընդամենը երկու վիրավոր տալով։ Ինքը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ` մեր մյուս զինվորների կողքին։ Հերոս հրամանատար է», – ասում է մյուս զինծառայողը։
Այժմ նրանք պահանջում են, որ իրենց 60 զինծառայողներին և հրամանատարին անվնաս վերադարձնեն հայրենիք։ Նրանց խոսքով` ադրբեջանական խումբը 1500 հոգուց էր բաղկացած, նրանց շարքերում էր նաև «Յաշմա» հատուկ խմբավորումը։
Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել նաև այդ խմբի զինծառայողներից մեկի եղբոր հետ, վերջինս պատմեց, որ կամավորների խմբին 20 օր առաջ են ուղարկել Հին Թաղեր ու Խծաբերդ։
«Երկու օր առաջ ադրբեջանցիները հարձակվել են, հայերը սկսել են պաշտպանվել, մի քանիսը վիրավորում են ստացել, գուցե զոհվածներ էլ կան։ Իրանց շատ է օգնել, որ այդ օրերին մառախուղ էր տարածքում։ Հենց մառախուղը նստել է, հասկացել են, որ իրենց դիմաց 600 ադրբեջանցի է կանգնած», – ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ադրբեջանցիները առաջարկել են կա՛մ կռվել, կա՛մ ճանապարհել 30 հոգանոց խմբին ռուս խաղաղապահների մոտ։ Նրա խոսքով` համացանցում տարածված տեսանյութը, որում հայ զինծառայողներ են շարքով քայլում, ոչ թե գերությունից է, այլ նրանց ուղեկցումից։
Նշենք, որ համաձայն շիրակցի Կարապետ Պողոսյանի տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Նշենք` մամուլում տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:
Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։
Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։
Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։