Տարեսկզբին տարածում գտած չարաբաստիկ պանդեմիան չի շրջանցել նաև դերասան-ամուսիններ Վասիլ և Մարիետա Սարգսյանների ընտանիքը: Հոկտեմբերին Վասիլ Սարգսյանն ու դուստրը վարակվել են կորոնավիրուսով, ցավոք, դերասանը հոկտեմբերի 30-ին մահացավ, քանի որ հիվանդության հետևանքով բարդություններ էին առաջացել: Նա 53 տարեկան էր:
Tert.am Life-ի հետ զրույցում տկն Մարիետան խոսել է իրենց կյանքի այդ բարդ փուլի և այն հաղթահարելու փորձերի մասին: Նրա խոսքով՝ մոտ 7 ամիս տանից դուրս են եկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստորեն պահպանել են հակահամաճարակային բոլոր կանոնները, բայց վիրուսից խուսափել չի հաջողվել:
«Վարակվել են Վասիլը և դուստրերիցս մեկը, ես չեմ վարակվել, տղաս երկրում չէր: Թե ումից է եղել վարակը, չեմ կարող ասել, բայց դուստրս շատ թեթև էր տանում վիրուսը, Վասիլի դեպքում այն ծանր էր: Նա այդպես էլ հիվանդանոց չգնաց, ամբողջ ընթացքում տանն է եղել, ասում էր՝ չեմ ուզում զինվորի մահճակալը զբաղեցնել: Տանն արել ենք հնարավորինն ու անհնարինը, ապահովել էինք ամեն ինչով, բժշկի հսկողության տակ էր, բայց վիճակն օրեցօր վատանում էր: Վասիլին շատ թուլացրեց պատերազմական իրավիճակը, զոհվում էր ամեն զինվորի հետ»,- ասաց տկն Մարիետան:
Ամբողջությամբ՝ tert.am