Մենք անդրադարձել էինք Անդրանիկ Նիկողոսյանի «քաջագործություններին» 24.10.2016թ. «Անդրանիկ Նիկողոսյանի հերթական ավանտյուրան» վերտառությամբ նյութի մեջ:
Այսօր, երբ datalex.am կայքից տեղեկացանք (Դատական Գործ N: ԱՎԴ/4624/02/16), որ Անդրանիկ Նիկողոսյանին դատի են տվել և պահանջում են 71.400 դոլարին համարժեք դրամ գումար, սա նաև մեր հրապարակման անուղղակի, ավելի ճիշտ ուղղակի վկայությունն էր: Տարօրինակն այն է, որ Նիկողոսյանը պարբերաբար որոշ լրատվական կայքերով տեղեկատվություն է տարածում իր հսկայական ֆինանսական միջոցների, մեծ հնարավորությունների, իր կողմից իրականացվող մասշտաբային ծրագրերի մասին: Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ վերջերս լուր էր տարածվել, թե իբր Նիկողոսյանը ֆինանսավորում է հայաստանյան տարբեր կուսակցությունների:
Անտրամաբանական է, որ կուսակցության գործունեություն ֆինանսավորողը այդքան պարտքեր կուտակած լինի, սկսած՝ ժամանակին իր հիմնադրած կառույցների աշխատակիցների աշխատավարձից, մինչև տարածքի վարձակալության գումարներ: Էլ չեմ խոսում սրանից-նրանից վերցրած զգալի գումարների մասին: Եվ, ինչպես հաջողվեց պարզել, նշված քաղ. հայցը դրամական պահանջի վերաբերյալ Նիկողոսյանին ներկայացրել է երկրորդ կարգի հաշմանդամ իր նախկին աշխատակիցը:
Հարցը պարզաբանելու համար դիմեցինք Նիկողոսյանի հայաստանյան գործերից քաջատեղյակ մեկին, ով, նախ, նշեց, որ եթե Անդրանիկը գումարներ ունի, որպեսզի կուսակցություն ֆինանսավորի կամ բարեգործական ծրագրեր իրականացնի, ապա լավ կլինի այդ միջոցներն ուղղի պարտքատերերին կամ բանկերի վարկերը մարի: Իսկ այն, որ լուսանցքում հայտնված որոշ լրատվամիջոցներ Անդրանիկ Նիկողոսյանի քարոզն են անում, դա էլ պայմանավորված է նրանով, որ Անդրանիկը լուր էր տարածել, թե իբր իրեն մեկ միլիարդ դոլար են տվել լրագրողներին աջակցելու ծրագրեր իրականացնելու հանար: Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ համացանցում տարածած լուսանկարներում ամեն օր մի թանկարժեք մեքենայի մեջ է նստած ու տարածում է, թե գնել է այն, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Մանր ժուլիկի համար դա ի՞նչ խնդիր է»: Մեր զրուցակիցնը նաև ավելացրեց. «Զանգահարում է թանկարժեք մեքենա վաճառելու հայտարարություն տված մեկին և հայտնում, թե մտադիր է գնել այդ մեքենան, դրա համար պետք է մի լավ ուսումնասիրի՝ ներսից դրսից ու նկարներն էլ ուղարկի տղաներին, քանի որ նրանց համար է գնում: Դե բնական է տղաները չեն հավանում գրեթե նոր, բարձր դասի մեքենան՝ հասկանալի պատճառով, եթե անգամ այդ մեքենայի վառելիքի գումարը չունես, ինչպե՞ս հավանես մեքենան: Կարծում եմ շուտով Անդրանիկ Նիկողոսյանին կներառեն Գինեսի ռեկորդների գրքում, որպես խալխի մեքենաների հետ ռեկորդային քանակությամբ «սելֆի» արած անձնավորություն»:
Մեր զրուցակցին հարցրեցինք, թե այս դատական պրոցեսից կկարողանա՞ Նիկողոսյանը «պլստալ», նա պատասխանեց, թե Անդրանիկին հաջողվել է մի հայտնի փաստաբանական ծառայության ղեկավարությանը հիմարացնել իր մոսկովյան հզոր կապերի մասին սուտ պատմություններ պատմելով, ուստի կփորձի նրանց միջոցով այս դատական քաշքշուկից մի կերպ դուրս պրծնել, բայց իրավաբաններին երկար ժամանակ չես խաբի, եթե նրանք հասկանան ինչն-ինչոց է, ապա Անդրանիկին օգնողներից կվերածվեն նրան խորտակողների: Այնպես որ, դա կարճաժամակետ էֆեկտ կարող է ունենալ:
Լուսինե Սարգսյան