«Այնքան անհանգիստ հանգստություն ունեի, ասես, ինչ-որ մեկն ասեր՝ Վարուժ ամեն ինչ լավ ա, շուտով եղբայրդ վերադառնալու ա». Վարուժան Մարգարյանը՝ 70 օր անց գտնված զինծառայող եղբոր, նրա հետ զրույցի եւ չկորցրած հավատի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այնքան անհանգիստ հանգստություն ունեի, ասես, ինչ-որ մեկն ասեր՝ Վարուժ ամեն ինչ լավ ա, շուտով եղբայրդ վերադառնալու ա». Վարուժան Մարգարյանը՝ 70 օր անց գտնված զինծառայող եղբոր, նրա հետ զրույցի եւ չկորցրած հավատի մասին

70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները երեկ վերադարձել են հայրենիք: Այս լուրը, թերեւս, վերջին շրջանի ամենահուսադրող նորություններից էր, երբ զինվորների վերադարձի երջանկությունը միմյանց հետ կիսում էր մի ամբողջ ազգ: Վերադարձած հերոսների թվում է նաեւ դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրը՝ Ռուսլան Թումանյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարուժանը հուզմունքի եւ ուրախության մեջ նշեց, որ եղբոր հետ խոսել է՝ նա լավ է, արդեն, նույնիսկ, պատրաստ է դիտել իր սիրելի ֆիլմերը: Դերասանը նաեւ շեշտեց՝ երբեք հույսը չի կորցրել, որ Ռուսլանը տուն է վերադառնալու…

«Էմոցիաներն այնքան աննկարագրելի են… Ամեն ինչ խառնվել է իրար: Այս 70 օրերի ընթացքում շատ եմ ցանկացել կուտակված էմոցիաներս, կարոտս դուրս հանել, բայց չէի կարողանում արտահայտվել… Լինում էին օրեր, երբ ինձ վատ էի զգում, մտածում՝ ինչու է ինձ մոտ այսպիսի վիճակ: Ամեն ինչ խառնվել էր ներսումս: Այժմյան վիճակս հրաշք է՝ ինչ-որ աննկարագրելի բան»,- ասում է Վարուժանը:

«Եղբորս հետ խոսել եմ, տրամադրությունը շատ լավ է, «դուխը»՝ տեղը: Հարցնում եմ՝ ինչպես է, ասում է՝ լավ է, ոչ մի քերծվածք չունի, ոտքերն են, պարզապես, ցրտահարվել: Երբ հարցրի, թե ինչի կարիք ունի, ինչ է ուզում իրեն տանեմ, խնդրեց, որ իր սիրելի ֆիլմերը ներբեռնեմ, տանեմ, որ դիտենք…»:

Վերջին զանգը, որ եղբորից ստացել էր հոկտեմբերի 8-ին էր, եւ չնայած այդ օրվանից հետո կապն ընդհատվել էր, դերասանը երբեք չի կասկածել, որ իր հավատը պաշտպանելու է նրան:

«Ես միշտ այնքան վստահ եմ եղել, որ գալու է: Նույնիսկ, լավ լուրն իմանալուց երեք ժամ առաջ ընկերոջս հետ եկեղեցու դիմաց նստած էինք, նա ասաց՝ գիտե՞ս՝ քեզանից էնքան դրական էներգետիկա ա գալիս: Ասացի, որ իսկապես, ինձ մոտ այնքան անհանգիստ հանգստություն էր: Ասես, ինչ-որ մեկն ինձ ասեր՝ Վարուժ ամեն ինչ լավ ա, շուտով եղբայրդ վերադառնալու ա: Նույնիսկ, նեղվում էի արդեն, որ չեմ անհանգստանում, ավելի ճիշտ՝ անհանստանում էի, բայց դրա մեջ կար տարօրինակ հանգստություն… Մտա եկեղեցի ու բարձր խոսում էի Աստծո հետ. գիտեի, որ նրան պաշտպանում է, ինչպես ինձ էր պաշտպանել ծառայությանս ժամանակ… (Վարուժանը ծառաել է Հադրությում՝ 2013 թ-ին, որի ընթացքում ստացել էր հրազենային վնասվածք եւ ստիպված էր եղել դադարեցնել ծառայությունը. հեղ.): Մինչ ծառայության մեկնելը ես խաչ էի վերցրել, տարել էի օրհնելու, հետո կախել էի նրա պարանոցին: Երեկ էլ, երբ խոսում էինք, ասաց, որ խաչը իր մոտ է… Գիտեք՝ երբ ես ինքս էլ ծառայում էի, վիրավորվեցի, խաչ ունեի ինձ մոտ, եւ միշտ այդ խաչը ինձ մոտ եմ պահել, աղոթել եմ ու հավատացել, որ եղբայրս գալու է»:

Ի դեպ, վերադարձած զինվորներից Արսեն Այվազյանն էլ դերասանուհի Իրինա Այվազյանի եղբայրն է: Պարզվում է՝ Ռուսլանն ու Արսենը միասին են ծառայել, եւ հասցրել են մտերմանալ՝ միասին անցնելով իրենց բաժին հասած դժվարությունների միջով.

«Երեկվա լավ լուրից հետո առաջին զանգերից մեկը, որ ստացել եմ Իրինայից է եղել: Ես անձամբ Արսենի հետ էլ եմ խոսել: Արսենն ու Ռուսլանը ընկերներ են, մինչ պատերազմն էլ իրենք ընկերություն են արել, Արսենի հետ էլ ամեն ինչ լավ է»,-նշեց դերասանը:

style.news.am