«Ավրորայի» և UWC-ի համատեղ նախագիծը
Advertisement 1000 x 90

«Ավրորայի» և UWC-ի համատեղ նախագիծը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդլայնել է իր ծրագրերի շրջանակը՝ մեկնարկելով «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագիծը:

Այն խրախուսում է United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ, UWC) ցանցի դպրոցների ու քոլեջների ուսանողներին ստեղծել և հետագայում զարգացնել այնպիսի նախագծեր, որոնք առնչվում են մարդասիրական խնդիրների և ունեն առանձնահատուկ կարևորություն UWC ցանցի համար: «UWC ցանցի դպրոցների ու քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական ծրագիրը» կարժևորի էական ազդեցություն թողնելու հնարավորությամբ նախագծերը և հաղթողին կտրամադրի դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար:

«ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։

«Մենք ստեղծել ենք «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագիծը՝ խրախուսելու UWC ցանցի ուսանողներին, որպեսզի նրանք ներգրավվեն մարդասիրական հարցերում և հետաքրքրվեն, թե իրենք ինչպես կարող են զգալի ազդեցություն ունենալ այն խնդիրների վրա, որոնց մարդիկ և համայնքներն առերեսվում են: Մենք ցանկանում ենք ոգեշնչել ուսանողներին համատեղել ուժերը և օգտագործել UWC ցանցի շրջանավարտների մասնագիտական փորձը, որպեսզի առաջ մղեն ստեղծագործական, կայուն և հստակ ծրագրեր՝ ապագան ավելի լավը և մարդկային դարձնելու համար»,- ասել է UWC Dilijan միջազգային քոլեջի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

2016թ. ապրիլին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ և Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan միջազգային քոլեջ՝ ի թիվս Հայաստանում անցկացված մի շարք այլ միջոցառումների:

«ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» ոչ միայն ներգրավում է ուսանողներին ու աշխատակիցներին, այլև կոչ է անում UWC ցանցի շրջանավարտներին աջակցել ծրագրին՝ ներգրավվելով բոլոր մասնակից թիմերում: Նրանք կարող են օժանդակել ծրագրին որպես խորհրդատուներ՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի առանձնահատուկ հմտություններն ու մասնագիտական փորձը և ամրապնդելով UWC ցանցի ներկա և նախկին ուսանողների համագործակցությունը:

«Այս նախաձեռնությունը կարևոր անկյունաքար է UWC շարժման ռազմավարությունն առաջ մղելու հարցում. խաղաղությունն ու կայունությունը դարձնելով առաքելություն` ուսանողների և շրջանավարտների կրթությամբ: Մեր ուսանողների և շրջանավարտների առաջարկած մարդասիրական նախագծերի միջոցով մենք դառնում ենք խաղաղության իրական և գործնական տարածողները: Սա է UWC ցանցի նպատակը»,- ընդգծել է UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուալտերմանը:

Յուրաքանչյուր նախագիծ գնահատվելու է իր յուրօրինակության (ինչպիսի՞ նորարական և յուրօրինակ մոտեցմամբ է այն անդրադառնում հումանիտար խնդրին), կայունության (որքա՞ն կայուն և երկարաժամկետ այն կարող է լինել), հետազոտության որակի (որքանո՞վ է հետազոտությունն անդրադառնում և փորձում բացահայտել հումանիտար խնդրի սկզբնավորման պատճառները), ազդեցության (ո՞րն է ակնկալվող ազդեցությունը և երկարաժամկետ արդյունքը), նվիրվածության (ինչպիսի՞ անձնվիրություն են ցուցաբերում թիմի անդամները՝ նախագծի ստեղծման և իրականացման մտադրություններում) և ինքնաանդրադարձման (որքանո՞վ են խմբի անդամներն իրենց դերն ընկալում մարդասիրական նախագիծ ստեղծելիս) համար: Ծրագրի ընտրված երեք հավակնորդ թիմերը կժամանեն Երևան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ 2017թ. մայիսի 28-ին: Հաղթող նախագիծը կստանա 4000 դոլարի պարգև՝ նախագծի հետագա մշակման և իրականացման համար:

UWC ցանցի բոլոր 16 դպրոցներն ու քոլեջները հաստատել են իրենց մասնակցությունը «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծին:

auroraprize.com



Նման նյութեր