Երևանի Բաղրամյան պողոտա–Պռոշյան փողոց խաչմերուկում քիչ առաջ իրարանցում սկսվեց։ Ոստիկանությունը փորձեց ազատել փողոցը։ Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին։
Իրավիճակը թեժացավ այն ժամանակ, երբ ոստիկաններից մեկը նստեց փողոցի կենտրոնում կայանված ու երթևեկությունը փակած բեռնատարներից մեկի ղեկին։ Քաղաքացիները պահանջեցին դուրս գալ ավտոմեքենայից ու չսադրել իրենց։
Թեժ վիճաբանությունների արդյունքում ոստիկանությունը զիջեց քաղաքացիներին։ Բեռնատարի ղեկին նստած ոստիկանը ցած իջավ։
Այս պահին, սակայն, իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ վիճաբանում են նաև կաթվածահար երթևեկության մեջ մնացած, դժգոհ քաղաքացիները։