Հայկական TakeAR-ը հետաքրքրացնում է կրթական պրոցեսը և ծանոթացնում հայկական մշակույթին
Advertisement 1000 x 90

Հայկական TakeAR-ը հետաքրքրացնում է կրթական պրոցեսը և ծանոթացնում հայկական մշակույթին

18-ամյա Վիգեն Խաչատրյանի ստեղծած TakeAR-ը զբաղվում է AR (Augmented Reality) տեխնոլոգիայի հիմքով աշխատող հավելվածների պատրաստմամբ: AR տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները) և մեր միջավայրը համալրել թվային կոմպոնենտներով (3D մոդել, 2D անիմացիա, աուդիո, վիդեո):

Վիգենը Թալին քաղաքից է, աշխատում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում, որպես խմբակավար, հանդիսանում է TakeAR կազմակերպության հիմնադիրը, Khachatryan’s կոշիկի բրենդի հիմնադիրը և «Լյուպին ԵՀԿ»-ի անդամ: Անդամակցում է ՄԱԿ-ի «Համայնքը ԵՍ եմ» ակումբին, «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալական նախագծին և մի շարք հասարակական և համայնքային նախաձեռնողական կամավորական ակումբներին:

«Նախ ասեմ, որ 11 տարեկանից մանակցել եմ Թալինում «Vorld Wision»-ի հովանավորությամբ գործող ռոբոտատեխնիկայի խմբակին, որը հետագայում համալրվեց սարքավորումներով և դարձավ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Տարիներ շարունակ սովորել եմ ռոբոտներ պատրաստել, դրանք ծրագրավորել, համակարգչային խաղեր ծրագրավորել, 3D մոդելներ պատրաստել և տպագրել, շաղափային հաստոցով վերամշակել փայտ։ Այդպես սկսվեց մուտքս տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ: Խմբակավարիս՝ Եղիշե Ամիրյանի առաջնորդությամբ մասնակցում էի «ԱրՄաթի» կողմից կազմակերպված գրեթե բոլոր մրցույթներին, ճամբարներին, միջոցառումներին և ցուցահանդեսներին: Մոտ 5 տարի է՝ ստեղծածս ռոբոտները, մոդելները կամ հավելվածները ներկայացնում եմ «DigiTec expo» ամենամյա ցուցահանդեսին, որտեղ ամեն տարի շուրջ 70-80.000 այցելու է լինում:

ՏՏ ոլորտում ամենամեծ հաջողություններից մեկը Վիգենը համարում է NASA-ի ու MIT-ի կողմից Թորոս գյուղում կազմակերպված ZeroRo երկշաբաթյա ճամբարին մասնակցությունը։

«Երկու շաբաթ մնալով այնտեղ և սովորելով կոդ գրել՝ թիմով անցել ենք եզրափակիչ և տեսել, թե տիեզերքում ինչպես է աշխատում մեր գրած կոդը՝ փոքրիկ տիեզերանավի վրա: Կոդերը վերածել էինք խաղի կանոնների և մրցում էինք տարբեր երկրների մասնակիցների հետ։ Անբացատրելի զգացողություններ են լինում այն ժամանակ, երբ տեսնում ես, որ քո գրած կոդը հենց այդ պահին NASA-ի ուղիղ եթերում ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում իրական տիեզերանավի վրա:

2018 թվականը բեկումնային է  եղել Վիգենի համար, քանի որ տեղի ունեցան երկու շատ կարևոր իրադարձություններ, առաջինը՝ այն, որ հիմնվեց TakeAR(Թեյքառ) ստարտափը՝ թողարկելով առաջին հավելվածը, և երկրորդ՝ վերջապես իրականացավ նրա երազանքը և նա դարձավ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար:

«Մտածում էի, թե ինչպես կարող եմ օգտագործել 3D մոդելավորման գիտելիքներս, և հերթական «Digitec expo»-ի ժամանակ տեսնելով «Arloopa» հավելվածը (https://168.am/2020/12/17/1429478.html)՝ ոգևորվեցի և ընկերներիս հետ, խմբակավարիս ուղղորդմամբ սկսեցի ուսումնասիրել այն տեխնոլոգիան, որով նրանք, այսպես ասած, հրաշքներ էին գործում: Տեխնոլոգիան կոչվում է AR (augmented reality), այն հնարավորություն է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները, հարթությունները) և մեր միջավայրը համալրել թվային կոմպոնենտներով (3D մոդել, 2D անիմացիա, ձայնագրություն, տեսանյութ):

Հետագայում տրամադրվելով շատ վճռորոշ՝ ընկերոջս՝ Վարդանի հետ կատարեցինք շատ փորձեր, զարգացրեցինք մեր հմտություններն այդ տեխնոլոգիայի վերաբերյալ և վերջապես աշխատեցինք մի շատ կարևոր գաղափարի՝ դասագրքերը AR տեխնոլոգիայով համալրելու վրա: Առաջին օրինակը եղավ 8-րդ դասարանի «Մարդ անատոմիա» դասագիրքը: Պատրաստեցինք մեր առաջին բջջային հավելվածը, այն անվանեցինք TakeAR (Թեյքառ): Մեր պատրաստած հավելվածի միջոցով հնարավոր էր դառնում դասագրքում ներառված օրգանների, օրգան-համակարգերի, ոսկորների պատկերները սկանավորել և տեսնել դրանց՝ իրականին մոտ 3D մոդելներ և անիմացիաներ: Այն ներկայացրել ենք տարբեր ցուցահանդեսների և ստացել բազմաթիվ դրական արձագանքներ, անգամ բազմաթիվ ուսուցիչների և աշակերտների կողմից, ովքեր ասում էին, որ նույնիսկ միայն այս հավելվածի համար կարելի է սովորել:
Հուսով ենք, որ մի օր կգտնենք բավարար ֆինանսավորում այս կարևորագույն ծրագիրը վերջնականապես կյանքի կոչելու համար»:

TakeAr-ի թիմը հետագայում ընդլայնվել է, և ստարտափը սկսեց աշխատել մշակութային ոլորտում։
«Ինձ և Վարդանին միացավ Դվինից Անին, ով զբաղվում է ծրագրերի կոորդինացմամբ, Նոյեմբերյանից՝ 3D մոդելավորողներ, Արթիկից՝ 2D անիմատոր, Դսեղից՝ SMM մասնագետ, և սկսեցինք տեխնոլոգիան կիրառել մշակութային ոլորտում։ GuideMe-ի հետ համագործակցելով՝ Գառնիի տաճարի 3D մոդելը ներառեցինք «TakeAR» հավելվածում, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեսնել տաճարը, այլև դրան զուգահեռ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, լսել տաճարի մասին բարձրորակ ձայնագրություններ:
Իսկ արդեն վերջերս ավարտեցինք ՀԿ Կենտրոն-ի «Նոր կյանք խոնարհված եկեղեցիներին» ՄԱԶԾ Կոլբա լաբի (Colba lab) «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում հայտարարված Լոռու մարզի տուրիզմի ոլորտին ուղղված նորարար գաղափարների մրցույթ-դրամաշնորհի ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 10 հուշակոթողներ համալրեցինք TakeAR հավելվածում: Պատրաստվել է խոնարհված եկեղեցիների ճշգրիտ, ամբողջական տեսքի 3D մոդելները, ձայնագրվել վերջինների մասին բարձրորակ եռալեզու ձայնագրություն և համալրվել այն TakeAR հավելվածում: Այսինքն՝ այժմ հնարավորություն է տրվում հավելվածի միջոցով սքանավորել մեր կողմից նախապես ֆիքսված պատկերները, տեսնել տվյալ կոթողի ամբողջական մոդելը, մանրամասն զննել, պատկերացում կազմել վերջինիս ճարտարապետական լուծումների մասին և զուգահեռ ձայնագրությունների միջոցով լսել դրանց մասին պատմող ինֆորմացիա»:

TakeAR թիմում ամբողջովին ներգրավված են ինքնակրթության հիման վրա մասնագիտացած անդամներ: Հավելեմ, որ թիմի անդամների գերակշիռ մասը հանդիսանում են տարբեր մարզերում գտնվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող սաներ:

«TakeAR» թիմը, համատեղելով ժամանակակից տեխնոլոգիաները և արվեստը, առաջարկում է համահայկական արժեքների մատուցման յուրովի մշակույթ, հնարավորություն՝  իրականությունը նորովի ընկալելու։

Սիրարփի Աղաբաբյան