Պատերազմում կյանքի մի դրվագ. Հրաշքով ողջ գտնված զինծառայողներն ու նրանց հեռվից հեռու փրկած ընտանիքը. panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատերազմում կյանքի մի դրվագ. Հրաշքով ողջ գտնված զինծառայողներն ու նրանց հեռվից հեռու փրկած ընտանիքը. panorama.am

«Վայ, ես ձեր ցավը տանեմ, ես ձեր ջանին մեռնեմ»,- դեկտեմբերի 21-ից ի վեր անընդհատ կրկնում է հադրութցի Ապրես Սարգսյանի կինը՝ տիկին Սվետան ու շարունակ ընտանիքի անդամների հետ մեկ լացում է, մեկ ծիծաղում։

70 օր անհայտության մեջ ապրած ու դեկտեմբերի 20-ին ողջ գտնված վեց զինծառայողները հենց տիկին Սվետայենց՝ Վանք գյուղում թողած տանն են թաքնվել, դիտարկում կատարել, սնվել ու անտառներ գնալուց առաջ այնտեղից ուտելիք վերցրել։

Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում այժմ հաստատված հադրութցի երիտասարդը դեկտեմբերի 21-ին, Panorama.am-ի այս հրապարակումը հեռախոսում բացած, հասնում է Ապրես Սարգսյանի՝ նույն գյուղում ժամանակավոր զբաղեցրած տուն ու հայտնում լուրը՝ տղաները տիկին Սվետայի փակած պահածոներով են սնվել։

«Եկավ ասեց, Ապրե՛ս, ֆեյսբուքում գրած է, որ այդ տղաները ձեր տանն են եղել, քո անունն էլ է գրած։ Էդ գրածը կարդացինք, չես պատկերացնի, առավոտից էնքան լաց եղա, ախր ես մի քիչ էլ լավ չեմ, այստեղ տեղանքը բարձր է, ճնշումս բարձրանում է… համ ուրախացել եմ, որ էդ երեխեքը ողջ են, համ ուրախացել եմ, որ իմ փակածն են կերել, այ հիմա էլ տեսնում ես, լացս զսպել չի լինում»,- Panorama.am-ին պատմում է տիկին Սվետան։

Ապրեսենց ընտանիքում՝ կինը, դուստրը, փեսան, թոռնիկներն անհամբեր սպասում են հրաշքով ողջ գտնված վեց զինվորների, նրանց ծնողների հետ հանդիպմանը։ Մինչ այդ գտել են Դավիթի մոր՝ տիկին Ալինայի ֆեյսբուքյան էջը, նամակ են գրել։

«Էս տարի էնքան շատ բանկա էի փակել, էնքան, որ սաղ պոլկեքը լցրած է եղել, շարեցի, տեղ չարեց, ներքևում եմ շարել, գետնին, ասեցի՝ թող շատ լինի։ Մեր բախչայում մշակել եմ ամեն ինչ՝ պոմիդոր, բադրիջան, ամեն-ամեն ինչ։ Տղաներն էլ կհաստատեն։ Վայ, էնքան շատ եմ ուզում էդ երեխեքին տեսնեմ… Արդեն որ ասեցին, Հադրութը վերցրել են, էնքան էի թուրքին անիծում, ասում էի՝ հողեմ դրանց գլուխը, էդքան փակել եմ, տունս լիքը ամեն ինչով, նրանք կգնան, կզխտվեն իմ չարչարանքը։ Հետո որ լսեցի մեր երեխեքն են կերել, էնքան եմ ուրախացել, ասեցի՝ ինչ լավ եմ արել, որ շատ եմ փակել, իրենց հալալ է։ Ճիշտ է լավ չի, որ էդ վիճակում են եղել երեխեքը, բայց որ ըսենց բան է եղել, դա իմ սրտին մի քիչ հանգստությունէ բերել, հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում»,- արտասուքը, հուզմունքն ու ուրախությունն իրար խառնած ասում է հադրութցի կինը։

Տիկին Սվետան իմանար՝ տղաներն իրենց տանն են, կասեր՝ սառցարանում հաց կար, հավի միս, որ հանեին՝ մի բան սարքեին, տաք-տաք ուտեին։

«Չգիտեմ՝ կերե՞լ են, չե՞ն կերել, էնքան կուզեմ՝ էդ տղեքին տեսնեմ»,- զրույցի կարճ ընթացքում ցանկությունը հարյուրերորդ անգամ կրկնում է  նա։

Ողջ գտնված տղաներից մեկից՝ Դավիթից հետաքրքրվեցինք, արդյոք սառնարանից հացը հանե՞լ են, կերե՞լ են։

«Գիտե՞ք, քանի որ սառնարանից արդեն հոտ էր գալիս, հոսանք չկար, անջատվել էր, մենք ռիսկ չարեցինք այնտեղից որևէ բան ուտել։ Բայց պահածոները շատ համով էին։ Ամեն օր մենք պոպոք ենք կերել։ Պարկերով դրված էին այնտեղ»,- Panorama.am-ի միջոցով տիկին Սվետային արձագանքում է Դավիթը։

Տղաները մեկ շաբաթ են անցկացրել Վանքի այդ հյուրընկալ տանը։ Բացել են, ընտանիքի լուսանկարները նայել։

«Երբ իրենց տան երկրորդ հարկում էի, դիտարկում էի անում, մի արկղ գտա՝ լուսանկարներով լի։ Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ ընտանիք էր այնտեղ ապրում։ Նայում էինք լուսանկարներն ու ասում, ինչ լավ ընտանիք է։ Դրանցից դատելով՝ մեծ, համերաշխ ու ուրախ ընտանիք է եղել։ Ես այնքան կուզեի հանդիպել այդ ընտանիքին։ Այնքան մեծ ցավ էի ապրում, որ այս տանը էլ ոչ ոք չի ապրելու, որ այդ տունը կորցնում ենք… Հիմա հեռակա ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սվետային, որ այդքան համեղ պահածոներ էր փակել»,- ասում է Դավիթը։

Տղաները դուրս գալուց առաջ գրություն էին թողել տանը՝ «Շնորհակալություն հյուրընկալության համար»։

Ապրես Սարգսյանի տանը։ Լուսանկարը տրամադրել է նրա կինը։
Տիկին Սվետային հիմա անհանգստացնում է տղաների առողջական վիճակը, հեռուստացույցով լսել է, որ նրանց ոտքերը ցրտահարվել են։  Հայտնեցինք, որ տղաները Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան, բուժումն այստեղ են շարունակում։

Ապրես Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշում է՝ բարեկամ սպա զինվորականը հոկտեմբերի կեսերին զանգահարել է իրեն, ասել, որ իրենց տանը զինվորներ կան, մի ճանապարհ բացատրի, որ զինվորները կարողանան անվտանգ լքել տունը։

«Ես բացատրեցի՝ ըսենց-ըսենց թող դուրս գան, ձորով բարձրանան, անտառներ մտնեն։ Բայց ես հիմա ուզում եմ էդ տղաների հետ հանդիպեմ, հարցնեմ իմանամ, ո՞նց է եղել, ի՞նչ է եղել։ Ի վերջո, իրենք են վերջին անգամ մեր տանը եղել»,- ասում է պարոն Ապրեսը։

Panorama.am-ը խոստացել է տղաների ապաքինվելուն պես կազմակերպել հրաշքով փրկված տղաների ու փրկվելու գործում մեծ դեր կատարած ընտանիքի հանդիպումը։

Սրտաբաց, առատաձեռն ու հյուրընկալ Ապրես Սարգսյանի ընտանիքին Արծվանիստում սիրով ու ջերմությամբ են  ընդունել, Հադրութում զինծառայող ունեցող արծվանիստցիները հենց նրանց տանն էին գիշերում։ Այդպես ընտանիքի հետ մտերմացած արծվանիստցին, որ հիմա արտերկրում է, իր տունը տրամադրել է պատերազմից տուժած ընկերոջ ընտանիքին։

Լուսանկարում Ապրես Սարգսյանն է թոռնիկների հետ, նրա հետևում իր՝ Վանքում թողած տունն է։

Հադրութցի ընտանիքը տան և ունեցվածքի հետ կորցրել է թանկ հիշողությունների, անհոգ օրերի մասին վկայող լուսանկարները։ Թղթե լուսանկարները մնացին արկղերում, իսկ թվայինները՝ համակարգիչներում։

Այս լուսանկարները տրամադրել է Ապրես Սարգսյանի քրոջ դուստրը՝ Աննա Միրզոյանը։ Նա նշում է, որ նկարի ձախ հատվածում երևացող բաց դուռը տանում է դեպի պահածոների դարակները։

panorama.am