ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են.
- Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
- Մանկավարժները (այդ թվում` նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
- 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները:
- Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
- Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
- Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին: