Ազգային ժողովը միաձայն ընդունեց հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգող օրինագիծը:
89 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որով առաջարկվում է մեկ տարով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելը, մեծ աղմուկ էր հարուցել. պատգամավորներն առաջարկում էին հետաձգել օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելը՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը: Մինչդեռ առողջապահության նախարարությունը կտրուկ դեմ էր հանդես գալիս՝ սպառնալով, որ փոփոխությունները ընդունելու դեպքում միայն 2021 թվականին ակտիվ ծխելու պատճառով երկրում կմահանա 310 մարդ:
Առողջապահության ոլորտի մասնագետներից շատերը բացասաբար արձագանքեցին այս օրինագծին՝ այն անվանելով «հետքայլ» եւ նշելով, որ օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելու փորձը հազիվ թե երկրի տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենա, չնայած օրինագծի կողմնակիցների բերած փաստարկներին:
«Հայաստանի հանրային առողջապահության աշխատանքային խումբը» եւ «Հայաստանի առանց ծխախոտի հասարակական ալյանսը», որոնց մեջ մտնում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, նույնպես չափազանց բացասաբար են արձագանքել օրինագծին՝ նշելով, որ Հայաստանի բնակիչների առողջությունը պետք է վեր դասել ծխախոտային արդյունաբերության շահերից: