ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին.
- Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից` ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգի բարձր պատրաստվածության, մեր կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին տարհանվել են նախարարության կողմից ներդրված համակարգերի միջոցով) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի: Տվյալ ցուցանիշը աննախադեպ է աղվանական պատերազմի, չեչենական 1-ին, 2-րդ, սիրիական և ցանկացած վերջին 30 տարվա այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր-բոլոր բժիշկներին` բժշկական օգնության այսպիսի աննախադեպ որակի համար: Կրկին անգամ շնորհակալ եմ նախարարության կողմից գործուղված հարյուրավոր բժիշկներից, ովքեր հակառակորդի հրթիռակոծման ներքո կատարել են իրենց պարտքը:
- Կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 160 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է Covid-19: Տարվա ընթացքում, կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնություն իրականացնելու համար, ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել է շուրջ 30 հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում են ստացել ավելին քան 36000 պացիենտ, ովքեր ունեցել են հիվանդանոցային բժշկական օգնության կարիք: Կրկին անգամ շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի, առողջապահական համակարգի արագ վերազինման , որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ֆինանսական և գործառնական հսկայական աջակցության շնորհիվ: Փրկվել են հազարավոր կյանքեր` մահացության ցուցանիշը հասցնելով վարակակիրների շրջանում 1,76%-ի (համաշխարհային ցուցանիշը կազմում է 2,18%):
- Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով առողջապահական համակարգը շարունակում է պատշաճ բժշկական օգնություն մատուցել անհետաձգելի բուժօգնություն պահանջող մեր բոլոր քաղաքացիներին, թերևս իրագործելով անհնարինը:
- Կրկին բժշկական օգնության որակի մասին. Մոլեգնող համավարակի պայմաններում, շնորհիվ առողջապահության նախարարության ոլորտային քաղաքականության բարեփոխումների, 2020 թվականի ընթացքում հնարավոր դարձավ առավել քան կրկնակի կրճատել մայրական մահացությունը` ի համեմատ 2019-ի:
Ցավով պետք է նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ունեցել ենք 7 մայրական մահ, որից 5-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Առողջապահության նախարարությունը տարեսկզբից հաստատակամ գտնվեց չտրվելով ոչ մասնագետների սենտիմենտալ քննադատություններին, շահարկումներին, սխալ պատկերացումներին և անձնավորված մոտեցմանը որոնք որևէ աղերս չունեն ապացուցողական, արժանիքահեն մասնագիտական մոտեցումների հետ: Եվ, այո ՛, քաղաքականության վերանայման արդյունքում փակվեցին մի շարք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնք չէին համապատասխանում սահմանված չափանիշներին և այո ՛, նեղ մասնագիտական հիվանդանոցային ծառայությունները պետք է կենտրոնացվեն, որպեսզի բժշկական օգնության որակը բարձրանա ի հաշիվ կատարված միջամտությունների թվի (փորձի), կադրային և բժշկական սարքավորումներով, պարագաներով հագեցվածության:
- Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմում, անմիջապես մասնակից և ղեկավար լինելով Ստեփանակերտում, Գորիսում և Վարդենիսում վիրավորների տարհանման կազմակերպմանը, այնուամենայնիվ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները արեցին անհնարինը: Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոննները տարեսկզբից առաջ ստացան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը: Համեմատության համար նախքան 2018 թվականը բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքվում էին մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: 2020 թվականի համար պայմանագրերը կնքվել էին ռեկորդային վաղ` հունվարի 9 ին»: