ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դեկտեմբերի 15-ին Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտիեց հայտնում են, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989 թվականին ծնված Դ.Քոչարյանը, պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է իրենց մոտ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են հրազենի 2 պարկուճ, արնանման հետքեր:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած հրազենից Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող սրճարանի մոտ կրակոցներ է արձակել նույն քաղաքի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում Դ.Քոչարյանը ճանաչվել է տուժող, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմտիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին