Առաջին տարին չէ, որ Apple ընկերությունը նախատեսում է ինքնակառավարվող մեքենաների թողարկումը: Ընկերության այս նախագիծն ուներ ոչ պաշտոնական անվանում՝ «Titan»: Վերջին օրերին կրկին ակտիվացել են «Titan»-ի մասին խոսակցությունները: Ըստ մասնագետների՝ Apple-ը նախատեսում է ոչ միայն թողարկել առանց վարորդի կառավարվող մեքենա, այլև հեղափոխություն կատարել ավտոմոբիլային ինդուստրիայում:
Bloomberg-ի տեղեկություններով՝ ինքնակառավարվող մեքենաների արտադրության մեջ մեծ դեր է ունենալու ընկերության նախկին ղեկավար, ОС QNX համակարգի հեղինակ Դեն Դոդջը: Այս գործում նրան օգնելու է Apple-ի ավագ փոխնախագահ Բոբ Մենֆիլդը:
Ավտոմոբիլային ինդուստրիա մուտքի մասին խոսել է նաև ընկերության ավագ մենեջեր Սթիվ Քեները, ով նշել է, որ Apple-ը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը մի շարք ոլորտներում: Քեները նշել է, որ ընկերությունը մեծ պոտենցիալ ունի ավտոմատացված համակարգերի ստեղծման գործում:
Հետաքրքիր է, որ ընկերությունն առաջին անգամ է պաշտոնապես խոսում առանց վարորդի մեքենաներ թողարկելու մասին, չնայած նրան, որ դրանց մասին խոսակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի:
Ըստ վերլուծաբանների՝ Apple-ն այս քայլով մարտահրավեր է նետում Google-ին, ով առաջինն էր հայտարարել առանց վարորդների մեքենաների ստեղծման մասին: Google-ն արդեն իսկ թեստավորում է մեքենայի իր նախատիպը:
Bloomberg-ը նշում է նաև, որ, եթե առաջիկայում Apple-ը պաշտոնապես չհայտարարի առանց վարորդների մեքենաների ստեղծմանն ուղղված աշխատանքների մեկնարկը, ապա վստահաբար կխոսի ավտոմոբիլային ինդուստրիայում որոշակի համակարգերի ներդրման մասին:
Սիրարփի Աղաբաբյան