hraparak.am-ը գրում է․ «Ամանորին Քարահունջում իշխանության համակիրներից Վալերի Մանուչարյանը, Հայկ Ավետյանը և Հրայր Արզումանյանը տասնյակ ընտանիքներ են այցելել և գումարներ հավաքել՝ պնդելով, որ երկրում ֆինանսական ճգնաժամ է սկսվում և պետք է գյուղացիները գումարներ փոխանցեն հիմնադրամին:
«Երկիրը կեղեքած ազգադավի մանկլավիկները հատուկ առաքելություն են իրականացնում, թալանել գյուղացու վերջին կոպեկը: Թալանչիների համար ուրիշների վիշտն ու դժբախտությունն է անգամ փող աշխատելու հնարավորություն»,-նշեց մեզ դիմած անձանցից մեկը։
Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ՝ թե ինչ են ձեռնարկել եւ ինչ գումար են հավաքել, այդ մասին տեղեկացել է սոցցանցերից։
Նա նշեց, որ Վ․Մանուչարյանն աշխատում է համայնքապետարանում՝ որպես ակումբավար, սակայն ինքը նրա հետ որեւէ առնչություն չունի։
Մեզ կապ հաստատեցինք ակումբավարի հետ, նախ նա սկզբում տվեց խուսափողական պատասխան, ապա ասաց, թե այդպիսի բան չկա, իրենք Ամանորին տներ չեն այցելել այդ նպատակով, վերջում է ավելացրեց, թե իր անունից կարող ենք գրել, որ ոչ հերքում է, ոչ հաստատում։
Այս զրույցից մոտ 1 ժամ անց մեզ հետ կապ հաստատեց Մանուչարյանն՝ այս անգամ հաստատելով, որ, այո, իրենք այդ նպատակով գնացել են ընտանիքներին այցելության․
«Համացանցում հստակ կա, թե նպատակը որն է եղել։ Կան ընտանիքի անդամների թիվ, անուն-ազգանուններ, թե ովքեր, ինչքան են նվիրաբերել եւ միասնական կտրոն հրապարակված։ Ես նմանատիպ մոտ 30 նախաձեռնություն եմ ունեցել, հաճախակի դրամահավաք կազակերպում եմ տարբեր առիթներով եւ նվիրում թե՛ ընտանիքներին, թե՛ հիմնադրամին, թե՛ անհատական անձանց»։
Ինչ վերաբերում է իրենց նախաձեռնությունը «շորթում» որակելուն, նա նշեց․
«Այդ մարդիկ երեւի մեր չուզողներն են, այն մարդիկ են, որոնք դեմ են եղել, որ նման բան լինի, ովքեր նաեւ գյուղում իրենց դժգոհությունն են հայտնել այդ գումարների հետ կապված, եւ որեւէ մեկից ոչ ստիպողաբար, ոչ պարտադրաբար գումար չենք վերցրել»։
Նշենք, որ նրանց կողմից կառավարվող ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների համաձայն՝ հավաքվել է 151 հազար դրամ եւ այն փոխանցվել հիմնադրամին»։