Վերջապես, առաջին անգամ, ՀՀ վարչապետն անդրադարձավ ամենակարևոր հարցին`
կադրերի հոգեբանական ընտրությանն ու հոգեբանական պատրաստվածությանը:
«Աչքը կուշտ»-ը մարդու ունեցվածքի չափը չէ, կարգավիճակ կամ պաշտոնի
աստիճան չէ. դա հոգեվիճակ է, հոգեբանություն, ավելին՝ դա մարդու
հոգեբանական տեսակ է:
Մենք սխրանքներ գործեցինք և հաղթեցինք պատերազմում, բայց չկարողացանք
ձևավորել հերոսի կերպար, հաղթողի հոգեբանություն, մոռացության մատնեցինք
մեր ազատամարտիկներին, քանզի մեր միաբանությունն «այստեղ և հիմա է»,
միանվագ է: Արդյունքում՝ հոգեբանական բազում տրավմաներ, խեղաթյուրված
ճակատագրեր, դժգոհություններ և պաշտպանունակության անկում:
Մենք անկախացանք, ստեղծեցինք անկախ պետություն, բայց չկարողացանք ձևավորել
անկախության գիտակցում, անկախ, ազատ քաղաքացու հոգեբանություն.
արդյունքում՝ բազում դժգոհություններ, աշխատունակության անկում,
ստեղծագործական նախաձեռնությունների բացակայություն, պետության հանդեպ
թերահավատություն և արտագաղթ:
Մեր պետության մեջ մարդկանց մի հատված կարողացավ հսկայական ունեցվածք
կուտակել, հարստանալ, կոչումներ նվաճել(օլիգարխ, մագնատ…), բայց այդ
մարդկանց մոտ չձևավորվեց հարուստի հոգեբանություն, աչքը այդպես էլ
չկշտացավ: Հարուստն իր էությամբ չունևորին օգնելու, պետությանն օգնելու
հոգեբանություն ունի, ոչ թե նրանցից գողանալու մոլուցք: Արդյունքում՝
հասարակության խիստ բևեռացում և նվաստացուցիչ վիճակ:
Մարդիկ պաշտոններ ստացան պետության կառավարման օրենսդիր և գործադիր
մարմիններում, դարձան պետության փաստացի տերերը, բայց նրանց մոտ չձևավորվեց
պետական մտածողություն, պատասխանատվության գիտակցում՝ տիրոջ
հոգեբանություն: Արդյունքում՝ պետության տիրոջ, պետական պաշտոնյայի կերպարի
աղավաղում և նրանց նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորում:
Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ ի սկզբանե ուշադրություն չդարձվեց
կադրերի հոգեբանական ընտրությանը, պետական օբյեկտիվ հոգեբանական գործոնների
սկզբունքն իսպառ վերացավ, կադրերի ընտրության հարցին գիտական մոտեցում
չցուցաբերվեց, պատասխանատու պաշտոններում նշանակվեցին համապատասխան
անձնային առանձնահատկություններ և հոգեբանական որակներ չունեցող
մարդիկ՝«աչքը չտեսած» տեսակներ:
Եվ քանի որ պետության կայացման կարևորագույն գործոններից են անհատի
հոգեկան առողջությունն ու հասարակական պոզիտիվ հոգեբանության ձևավորումը,
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ողջունում է վարչապետի
տեսակետն ու իր ծառայություններն է առաջարկում բոլոր այն հարցերում, որտեղ
հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կառաջանա:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն