Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 16-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
« ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին: