Արցախում վիրավորված 119 մարդ արդեն հաշմանդամություն է ստացել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ինչպես նշեց նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը, 35 մարդ ստացել է 1-ին խմբի հաշմանդամություն, 41 մարդ` 2-րդ խմբի հաշմանդամություն, եւ 43 մարդ` 3-րդ խմբի հաշմանդամություն:
Նրա խոսքով՝ ներկայումս տվյալներ չկան այն մասին, թե ինչ տեսակի վիրավորումներ եւ վնասվածքներ են հանգեցրել վերը նշված անձանց հաշմանդամությանը: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե նրանցից քանիսն են զինծառայողներ, եւ քանիսը՝ կամավորներ ու քաղաքացիական անձինք:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում զոհված եւ հաշմանդամ դարձած քաղաքացիական բնակչության ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու կարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:
Դիմումը պետք է ներկայացվի մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը` e-request.am հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով (mlsa.am)` «Գրել նամակ» բաժնում:
Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները: Նրանց առաջարկվում է օգնություն՝ միանվագ ֆինանսական վճարի տեսքով.
1․ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին` 3 000 000 դրամ,
2. 2-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ 2 000 000 դրամ,
3. 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում` 1 000 000 դրամ,
4․ Անչափահասները, անկախ հաշմանդամության խմբից, կստանան 3 000 000 դրամ,
5․ 5 000 000 դրամ կվճարվի զոհված խաղաղ բնակիչների ընտանիքներին:
Առավելագույնը 30 օրվա ընթացքում քաղաքացին գրավոր կտեղեկացվի օգնություն ստանալու կամ մերժվելու մասին: Գումարը կտրամադրվի անկանխիկ փոխանցմամբ` դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: