Սեռական ցանկության նվազում. կանանց մոտ խնդրի ախտորոշման առանձնահատկությունները. ներկայացնում է սեքսոպաթոլոգը. tert.am
Advertisement 1000 x 90

Սեռական ցանկության նվազում. կանանց մոտ խնդրի ախտորոշման առանձնահատկությունները. ներկայացնում է սեքսոպաթոլոգը. tert.am

Առողջ ու ակտիվ սեռական կյանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր կնոջ ֆիզիկական ու հոգեկան առողջության համար, սակայն լինում են դեպքեր, երբ կանանց մոտ նկատվում է սեռական ցանկության ախտաբանական նվազում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում կնոջ սեռական կյանքի ու առողջության վրա։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանը Tert.am Medicine-ի հետ զրույցում անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, թե ինչպես են մասնագետներն ախտորոշում սեռական ցանկության ախտաբանական նվազումն ու ինչպես կարող են կանայք ինքնուրույն հայտնաբերել այս խնդիրը։

Մասնագետի խոսքով՝ կանայք, որոնք ունեն ցածր սեռական ցանկություն ախտաբանական վիճակը (ՑՍՑ), ունենում են սեռական ցանկության կայուն իջեցում, որն անձնային դիսթրեսի պատճառ է հանդիսանում:

«Քանի որ ցածր լիբիդոն կարող է դրսևորվել նաև այլ առողջական խնդիրների կամ իրավիճակների արդյունքում, ուստի անհրաժեշտ է ախտորոշման համար բժշկական որոշ հետազոտություններ իրականացնել:

Բժիշկների աշխատանքի արդյունավետության բարձրացման և ախտորոշման ճշգրտման համար Կանանց Սեռական Առողջության Ուսումնասիրման Միջազգային Ասոցիացիան առաջարկում է կանանց ցածր սեռական ցանկության գնահատման սանդղակ-հարցաշար, որը բաղկացած է 5 հարցից», – նշում է մասնագետը՝ ընդգծելով, որ այն օգնում է բժիշկներին մի քանի րոպեում ախտորոշել սեքսուալ դիսֆունկցիան։

Ինչպես մանրամասնում է մասնագետը, հարցաշարն սկսում է 4 հարցից.

  • Վերջերս ձեր սեռական ցանկության մակարդակը/ հետաքրքրությունը լա՞վ է և բավարարու՞մ է ձեզ
  • Առկա՞ է սեռական ցանկության/ հետաքրքրության իջեցում
  • Արդյո՞ք անհանգստացնում է ձեզ սեռական ցանկության/ հետաքրքրության իջեցումը
  • Ցանկանու՞մ եք բարձրացնել, ձեր սեռական ցանկության/ հետաքրքրության իջեցումը

«Եթե կինը պատասխանում է «ոչ» վերոնշյալ հարցերից որևէ մեկին, ապա ՑՍՑ ախտորոշում չի կարող դրվել», – պարզաբանում է բժիշկը՝ հավելելով, որ հինգերորդ հարցը, որը նախատեսված է սեռական ցանկության նվազման պատճառների պարզաբանման համար, բազմաբաղադրիչ հարց է.

  • կնոջ մոտ առկա են վիրահատություն, դեպրեսիա, վնասվածքներ
  • նա օգտագործում է դեղորայք, ալկոհոլ
  • առկա են հղիություն, վաղ հետծննդյան շրջան, մենոպաուզալ սիմպտոմներ
  • այլ սեքսուալ խնդիրներ, ցավ հարաբերության ժամանակ, օրգազմի բացակայություն
  • զուգընկերոջ սեքսուալ խնդիրներ
  • անբավարարվածություն զուգընկերային հարաբերություններից
  • սթրես կամ հոգնածություն։

«Եթե կինը պատասխանում է «այո» 1-4 հարցերին և «ոչ» 5-րդ հարցի բոլոր ենթակետերին, ապա կարող է ախտորոշվել Ցածր Սեռական Ցանկություն (ՑՍՑ): Եթե պատասխանում է «այո» 1-4 հարցերին և «այո» 5-րդ հարցի որևէ ենթակետին, ապա ախտորոշումը դրվում է բժշկի հայեցողությամբ և քննարկման արդյունքում», – նշում է մասնագետը:

Բժիշկ Հակոբյանի խոսքով՝ այս հարցաշարը շատ օգնում  է բժիշկներին կանանց վերոհիշյալ սեքսոլոգիական խնդրի վերհանման հարցում։ Այն կարող է շատ օգտակար լինել նաև հենց կանանց համար՝ օգնելով նրանց գնահատել և հասկանալ իրենց խնդիրները, եզրափակում է մասնագետը։

tert.am